Եվս հինգ հայ գերիների վերադարձը ռուսական կողմի միջնորդական ջանքերի արդյունքն է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News

դեսպանություն

Հայաստանում ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է.

«Այսօր դեսպանության առջև տեղի է ունեցել հերթական ակցիան՝ հայ գերիների վերադարձի հարցը լուծելու պահանջով: 

Լիովին հասկանում և կիսում ենք այն ընտանիքների վիշտն ու տագնապը, ում հարազատներն ու մտերիմներն այս պահին տուն չեն վերադարձել: Գիտակցում ենք ստեղծված իրավիճակի ամբողջ սրությունն ու զգայունությունը: Սա իսկապես մարդկային մեծ ողբերգություն է:

Ցանկանում ենք ևս մեկ անգամ նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ուշադրության առանցքում: Ռուսական խաղաղապահ առաքելությունը և Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնը,  ՀՀ իրավասու մարմինների հետ սերտորեն համակարգված գործելով, այս սուր խնդրի լուծմանն ունենում են անմիջական, ուղղակի մասնակցություն: Ցանկալի կլիներ, իհարկե, որ գործընթացն առավել արագ տեմպերով ընթանար, սակայն, հավատացեք, տարվում է համառ, քրտնաջան և ոչ դյուրին աշխատանք: Ռուսական կողմի միջնորդական ջանքերի ակնհայտ արդյունքն է, մասնավորապես, փետրվարի 9-ին ևս 5 հայ գերիների վերադարձը:

Այս առիթով որոշակի զարմանք է առաջացնում այն, թե ինչու հատկապես այս՝ ՌԴ ղեկավարության և ռուս խաղաղապահների ջանքերի արդյունքն արտացոլող իրադարձությունից հետո Դեսպանության առաջ տեղի է ունենում նման հավաք: Ակամայից հարց է առաջանում. որո՞նք են դիվանագիտական առաքելության առջև նմանատիպ ակցիաներ կազմակերպողների բուն նպատակները»:

--00--ԱԹ