«Պարազիտների» պայքարը հաջողության չի հասել, ժողովրդին պիտակավորելով՝ անցան սահմանները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Արտահերթ ընտրությունները ֆորսմաժորի դրսևորման արդյունք են։ Սակայն, լինելով հերթական ընտրությունների կողմնակից, երբեք չեմ բացառել, որ այդ գործիքով ինչ-որ լուծումներ կարող են տրվել այն ժամանակ, երբ դրանք անհրաժեշտ են հասարակությանը: Եթե այսօր գործող թիմը կարծում է, որ իր իշխանությունն իրականացնելու գործընթացը սովորական միջավայրում հանգիստ կընթանա, իրենց գործն է ընտրություններ չանելը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Միավորված Աշխատանքային Կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը։

Ըստ Արսենյանի, սակայն, Հայաստանի այսօրվա խնդիրները պայմանավորված չեն ընտրություններով։ «Հայ հասարակության առջև ծառացած հարցն առաջին հերթին այն է, թե որ ճանապարհով է ընթանալու։ Ինչպիսի՞ Հայաստան է ուզում՝ պատմական օրինակներո՞վ, միֆերո՞վ, թե՞ այնպիսին, որտեղ մարդիկ կձգտեն կրթվել և կունենան բարեկեցիկ կյանք։ Միֆական Հայաստանի ճանապարհն անընդհատ լինելու է սա։ Հայկական պետությունն ո՞ւր էր գնում, որն ավարտվեց այս պատերազմով, և ո՞ւր հասանք՝ «կոտրված տաշտակի» առաջ հայտնվելով։ Եթե հայտնվել ենք «կոտրված տաշտակի» առաջ, գուցե կարողանա՞նք մեզ ստիպել հետևություն անել այն պրոցեսներից, որոնք հասցրին սրան»,- ասել է Արսենյանը։

Խոսելով ընդդիմադիրների պայքարի մասին՝ Արսենյանը նկատել է, որ չգիտակցված գործողություններով կարող ենք թուլացնել պետության դիմադրողականությունը։ «Համակարգից, որը երկու տասնամյակից ավելի շահագործում էր Հայաստանի ժողովրդի պետություն, ապագա ու առողջություն ունենալու իրավունքը, ազատվել ենք, պոկվել ենք։ Հիմա այդ համակարգը գտնվում է այնտեղ, որտեղ ինքը մեռնելու է։ «Պարազիտը» կարող է գործել այնտեղ, որտեղ օրգանիզմ կա։ Մենք հիմա դրանից ձերբազատվել ենք։ Տեղի են ունեցել իրադարձություններ՝ պատերազմ, համաճարակ, որոնք այդ «պարազիտների» հավաքականին հնարավորություն են տվել նորից փորձել կպնել հայ ժողովրդի զարկերակներին։ Պայքարն ընթանում է, որովհետև եթե չհասնեն հաջողության, վերանալու են։ Հիմա հոգեվարքի մեջ են։ Գործողությունները որևէ աջակցություն չեն ստանում։ Ակնհայտ է, որ անցել են բոլոր սահմանները՝ ժողովրդին պիտակավորելով»,- ընդգծել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։