«Պատրոն Դավոն» «Ազատություն» ռադիոկայանից հեքում է պահանջում, եթե՝ ոչ, կդիմի դատարան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

1

Զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը, որը հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ, հայտարարություն է տարածել։

«Ինձ ապօրինի կալանավորելուց հետո որոշ լրատվամիջոցներ տարածեցին կեղծ լուրեր, որ իբր ես հանդիսացել եմ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ինչին հաջորդեց իմ հերքող հայտարարությունը, առ այն, որ «ես երբևէ չեմ հանդիսացել որևէ նախարարի խորհրդական, երբեք չեմ զբաղեցրել որևէ պաշտոն, ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այնպես էլ պետական այլ գերատեսչություններում։

Կռահելով, թե որ անձանց շրջանակներին է ձեռնտու նման կեղծ տեղեկությունների տարածումը և վստահ լինելով, որ քրեական գործի քննության ընթացքում հերքվելու են ինչպես այդ, այնպես էլ նախաքննության մարմնի կողմից հրապարակված այլ տվյալները՝ հորդորել էի նման լուրեր տարածողներին, այսուհետ ձեռնպահ մնալ այդպիսի գործելաոճից»։

Սակայն, ի հակառակ նախկինում իմ կողմից հնչեցված հորդորների Ազատություն ռադիոկայանը 07․02․2021 թվականի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի ընթացքում երկու անգամ, միտումնավոր շեշտում է իմ՝ իբր պաշտպանության նախարարի խորհրդական լինելու հանգամանքը։ Իսկ հաղորդման հյուր հանդիսացող անձը՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, քաջատեղյալ լինելով այս կեղծ տեղեկատվության մասին, որևէ կերպ չի հերքում այդ հանգամանքը։

Այս պահին չանդրադառնալով այդ հաղորդաշարի ընթացքում հնչեցված անհեթեթ մտքերին հայտնում եմ, որ արդեն ակնհայտ է այն անձանց և լրատվամիջոցների շրջանակները, որոնք հետևողականորեն լծվել են ինձ վարկաբեկելու և իրենց ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր գործիքներով կեղծ տեղեկությունների ստեղծմանը և տարածմանը՝ գիտակցաբար ուղղակի վնաս հասցնելով նաև մեր զինված ուժերի բարձր հեղինակությանը։

Կեղծ տեղեկությունների հերքման պահանջով դիմել եմ «Ազատություն» ռադիոկայանին, որը չիրականացնելու դեպքում իմ խախտված իրավունքները կվերականգնեմ դատական կարգով», - ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ փետրվարի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը։ Ըստ ԱԱԾ-ի՝ Դավիթ Գալստյանն առանձնապես խոշոր չափերի գումարներ է հափշտակել ՊՆ-ից։ Ըստ Դավիթ Գրիգորյանի՝ կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, կա՛մ փորձում է ստեղծել պատրանք, որ ԶՈՒ-երին մատակարարվել է 70-ականների զինամթերք։

--00—ԼՄ