«Ձայն հայրենեացը» կիսում է Կարեն Գևորգյանի մտահոգությունը և սատարումն է նրան

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

ձայն

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության համակարգող խմբի ներկայացուցիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանն իր մտահոգությունն է հայտնում  Հանրային  հեռուստաընկերության  հակահայկական  մշակութային քաղաքականության առնչությամբ:

«Ձայն հայրենեացը» կիսում է այդ մտահոգությունը և սատարում նրան:

Կարեն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որպես ազգային պարարվեստի նվիրյալ, բազմիցս անդրադարձել եմ Հանրային հեռուստաընկերության հակահայկական մշակութային քաղաքականությանը: Ազգային մշակութային մի շարք ծրագրեր եմ առաջարկել հեռուստաընկերության թե’ նախկին, թե’ ներկա պատասխանատուներին: Նրբանկատորեն հուշում եմ, որ երկու տարի առաջ մեծ պատիվ եմ արել իմ թանկագին ժամանակը ծախսելով` հանդիպելու Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ, ներկայացնելով ազգային պարերի հանրահռչակման իմ երկու հեռուստանախագծերը: Վաղուց եմ զգացել, որ Հանրային հեռուստաընկերությունում կան օտարահպատակ ուժեր, որոնք տարիներ շարունակ ընդգծված փակում են ազգային մշակույթի դռները հայ հեռուստադիտողի առաջ: Բերեմ ընդամենը երկու օրինակ. 2018թ.  Օպերայի  և բալետի  ազգային  ակադեմիական  թատրոնում  Հայաստանի  վաստակավոր  կոլեկտիվ «Բերդ»  պարային անսամբլի  հիմնադրման  55-ամյակի հոբելյանական համերգ-երեկոն  մերժեցին  տեսանկարահանել  և  ցուցադրել՝  պատճառաբանելով,  թե հանրային  հեռուստաընկերությունը  բավարար  տեսախցիկներ չունի  նկարահանումը  կազմակերպելու  համար  (մեկնաբանությունները  թողնում  եմ ձեզ):  Նրանք բավարար  միջոցներ չունեցան նաև  նկարահանելու  և ցուցադրելու  հայ պարարվեստի  պատմության մեջ առաջին  անգամ  Օպերայի  և  բալետի ազգային  ակադեմիական  թատրոնում կազմակերպված  «Նաիրյան»  առաջին  համահայկական  պարարվեստի  մրցանակաբաշխությունը,  որին  իրենց  մասնակցությունը  բերեցին մեծ համբավ  ունեցող ինչպես Հայաստանի և  Արցախի բոլոր  պետական պարային անսամբլները, այնպես էլ հայ պարարվեստում իրենց ուրույն տեղն ունեցող վաստակաշատ պարային կոլեկտիվներ: Առաջին անգամ մեկ բեմի վրա էին հայ պարի ընտրյալ կոլեկտիվները՝ տարազների շենշող բազմազանությամբ և պարային մեծակտավ բեմադրություններով: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է հայոց արժեքների նկատմամբ, ինչպես նաև հայ ազգային մշակույթով զբաղվողների իրավունքների ոտնահարման բացահայտ հակահայկական մշակութային քաղաքականություն: Մենք` ազգային մշակութային արժեքներ քարոզողներս, այսօր Հայաստանում, կարելի է ասել, համարվում ենք ազգային փոքրամասնություն: Հանրայինը շարունակում է թրքաարաբապարսկական երգ-երաժշտությունը  թարգմանել  հայերեն  ու  տարածել:  Բավակա՛ն է  հարստացնեք օտարի  գրպանը և սննկացնեք  մեր  ազգայինը:

Հիշում եմ՝  մի քանի տարի  առաջ Հանրային  հեռուստաընկերության  կողմից  իրականացված  «Ոսկե կլառնետ»  խայտառակ նախագիծը,  որը,  ըստ  իս,  մասնավորապես  արված  էր  ազգային  քողի տակ  տարածելու ցածրարժեք  երաժշտություն: Այդ նախագիծը  իսկական տեռոր էր մեր մշակույթի նկատմամբ: Եվ վերջում. այնպիսի տպավորություն է, որ Հանրային հեռուստաընկերության տնօրենները նոր պաշտոնը ստանձնելուց առաջ երդվում են՝ Հանրային հեռուստաընկերության եթերից իսպառ հեռացնել ազգայինը: Հայաստանում հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է ազգային մշակութային ցեղասպանություն»:

  --00—ՄՀ