Բոլորը ենթակա են վերադարձի․ Նազելի Բաղդասարյանը՝ գերիների հարազատների հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

նազելի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին Գյումրի և գերիների հարազատների հետ հանդիպմանը։ 

Պատգամավորը տեղեկացրել է, որ գերիներին վերադարձնելու համար աշխատանք է տարվում տարբեր գերատեսչությունների կողմից:

«Թեման գերզգայուն է, նաև՝ լրատվական դաշտում գերիների հետ կապված ցանկացած տեղեկություն կարող է հակառակորդի կողմից մեր դեմ օգտագործվել: Թույլ տվեք հանդիպումը որևէ կերպ չմեկնաբանել, պարզապես ասեմ, որ ծնողներն այսօր տեղյակ եղան, թե որ փուլում է գործընթացը»,-ասել է Նազելի Բաղդասարյանը և հավելել, որ իշխանության խնդիրն այն է, որ կարողանան ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, այն է՝ գերեվարված, պատանդառված ու Ադրբեջանում պահվող հայերին վերադարձը։

«Անկախ իրավական կարգավիճակից՝ վերադարձվում են բոլորը: Ժնևի 3-րդ կոնվենցիան նշում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո հակառակորդ երկրում գտնվող բոլոր անձինք ենթակա են վերադարձի, և սա է պատճառը, որ միջազգային ատյաններում մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի օր շուտ մեր հայրենակիցները հայրենադարձվեն»,-հայտարարել է իմքայլական պատգգամավորը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով առավոտյան Գյումրիում է եղել, մարզպետարանում խորհրդակցություն անցկացրել և հանդիպել Ադրբեջանի կողմից գերեվարվածների հարազատների հետ։

--00—ԼՄ