Աղբավայր կենտրոնում․ Լեո փողոցում բնակիչներն աղբը թափում են հենց իրենց տների կողքին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Լեոյի 1 հասցեն է՝ Երևանի կենտրոնում, Կոնդ թաղամասի հարակից հատվածը, որն ամեն օր աղբավայրի է վերածվում։ Աղբամանների փոխարինման գործընթացը Երևանի քաղաքապետարանը սկսել է 2019թ.-ից: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 8900 նոր աղբաման կա տեղադրված, որոնցից երկուսը հենց այս տարածքի բնակիչների համար է նախատեսված: Բայց քաղաքացիներից շատերը աղբը թափելու ավելի հեշտ տարբերակ են գտել: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

«Այնքան, որքան աղբաման կա այսօր քաղաքում, երբևիցե չի եղել Երևանում, բայց միևնույն է՝ Լեոյի փողոցում ունենք կետ, որտեղ մարդիկ, կիրթ ու լավ հագնված դուրս են գալիս, աղբը գցում գետնին և շարունակում են իրենց ճանապարհը»,- նշում է քաղաքապետը:

«Եթե մեկուկես տարի առաջ դա կարելի էր կապել աղբահանության վատ կազմակերպման հետ քաղաքում, ինչին բոլորս ենք ականատես եղել, ապա այժմ վերջին ամսիների ընթացքում ակնհայտ է դառնում, որ այստեղ մենք գործ ունենք, որքան էլ տարօրինակ հնչի, մշակութային խնդրի հետ»,- նկատում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Որպեսզի աղբը չկուտակվի և մարդկանց առողջությանը չսպառնա, Լեոյի 1 հասցեի աղբը պարբերաբար մաքրում են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակացիները, ինչը, սակայն, նրանց պարտականությունների մեջ չի մտնում:

«Եթե մենք շարունակենք մեր քաղաքի հանդեպ այսպես վարվել, որևէ գումար, որևէ համակարգի ստեղծում չի կարող նպաստել քաղաքը մաքուր պահելուն: Մենք պետք է հասկականք, որ քաղաքի մաքրությունն առաջին հերթին մեր չաղտոտելու արդյունքը պետք է լինի, իսկ կոմունալ ծառայություններն իրենց աշխատանքը կիրականացնեն»,- ասում է Ավետ Պողոսյանը:

Վարչական իրավախախտումների մասին օրենքն, ի դեպ, չսահմանված վայրերում աղբ թափելու համար պատասխանատվություն է նախատեսում։

--0--ԿԿ