Ֆրանսիայի դեսպանը դասագրքեր է հանձնել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

դեսպան

Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտը մասնակցել է գիրք նվիրելու հայկական ավանդույթին՝ ֆրանսերենի դասագրքեր հանձնելով ֆրանսերենի խորացված ուսուցմամբ Հայաստանի բոլոր դպրոցներին։

Ինչպես տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, այդ դպրոցներից մեկում՝ Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցում կայացած գրքերի հանձնման արարողության ընթացքում, որին ներկա էին ԿԳՄՍ նախարարի՝ կրթության հարցերով տեղակալ Ժաննա Անդրեասյանը, թիվ 125 դպրոցի փոխտնօրեն Կարինե Բասոյանը, Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի նախագահ Սյուզան Ղարամյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ծրագրերի համակարգող Գևորգ Գևորգյանը, դեսպանը վերահաստատել է դեսպանության շարունակական աջակցությունը և մասնակցությունը այս ծրագրի իրականացման գործում։

Դեսպան Ժոնաթան Լաքոտը գոհունակություն է հայտնել, որ ներկայումս 1300 աշակերտ խորացված ծրագրով ֆրանսերեն է սովորում Հայաստանի 11 ուսումնական հաստատություններում (Երևան, Գյումրի, Իջևան, Հրազդան, Գորիս, Եղեգնաձոր, Մասիս)։ «Նա նշել է, որ այս նոր դասագրքերի տրամադրումը ֆինանսավորվել են Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի կողմից, որը 2018թ., շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի Հայաստան կատարած այցի ընթացքում պարտավորվել էր ֆինանսավորել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասագրքերի ձեռքբերումը այդ ծրագիրն իրականացնող դպրոցների համար՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ կրթության նախարարության, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից նաև հայտնում են, որ ծրագրի հաջողությամբ պայմանավորված՝ չորս միջնակարգ և երկու ավագ դպրոցներում կբացվեն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ նոր դասարաններ, ինչը հնարավորություն կտա հայ աշակերտներին օգտվել այս ծրագրից ՀՀ ողջ տարածքում։

Դեսպանը նաև հանդիպել է ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարանների աշակերտների և դասավանդողների հետ և ողջունել ֆրանսերեն սովորելու նրանց ընտրությունը՝ նշելով, որ այս լեզվին տիրապետելն, անկասկած, կարևոր հաղթաթուղթ է նրանց ապագայի համար, անկախ նրանց հետագա մասնագիտական ուղուց։  

--00--ԱԹ