Երևանում BMW-ի վարորդը տապալել է լուսացույցն ու ծառը և հայտնվել կանաչ գազոնում. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24News  

վթար

Երեկ՝ փետրվարի 20-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է  տեղի ունեցել Երևանում:  Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Վ. Հարությունյանն իր վարած BMW մակնիշի 51 QX 111 համարանիշի ավտոմեքենայով Մազմանյան-Շիրազ և Չաուշի փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն և առաջ ընթանալով բախվել ծառին, արմատախիլ արել այն ու հայտնվել կանաչ գազոնում:

Վթարի հետևանքով ուղևոր Երևանի բնակիչ 21-ամյա Ա. Միլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: ժամանել են նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի ծառայողները և Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողները: Վթարի մասին տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններին վարորդը հայտնել է, որ  ինքն աշխատում է «Էֆեկտ Գրուպ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ:

 --00—ՄՀ