Սևանում կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Սևան

Սևանա լիճը հանրությանը վերադարձնելու հրամայականը կյանքի կոչելու օրակարգում կատարվում է ամենակարևոր ու անկյունաքարային քայլերից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է հայտերի ընդունում Սևանա լճի հանրային երեք լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու և սպասարկում իրականացնելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարությունը:

հանրային լողափ №1 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա)

հանրային լողափ №2 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի Թերակղզու ափամերձ հատված, 1.82 հա)

հանրային լողափ №3 (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա):

Հայտերի ուսումնասիրության արդյունքում ընտրված մասնակցին (մասնակիցներին) սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Սևանա լճի հանրային լողափի սպասարկման» պայմանագիր երեսունվեց ամիս ժամկետով՝ հանրային լողափերից յուրաքանչյուրի համար։

Արդյունքում՝ մենք ունենալու ենք գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր Սեւանա լճի առափնյա երեք տարբեր հատվածներում։

Հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն Սևանա լճի ափին

Հանրային ծառայությունների մատուցման բարձր որակ

Անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարար ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ

Աղբահանության պատշաճ կազմակերպում և մաքրիչ կայանների առկայություն

Հեռանկարային ներդրումային ծրագրեր և հավելյալ աշխատատեղերի ստեղծում։

Հանրային լողափերում գործունեություն ծավալող կազմակերպությունների հասույթի 15 տոկոսը վճարվելու է «Սևան» ազգային պարկին։ Որպես ձեռնարկատիրական գործունեությունից գոյացող լրացուցիչ եկամուտ՝ դա կնպաստի ՊՈԱԿ-ում համալիր ծրագրերի իրականացմանը և ազգային պարկի սեփական կարողությունների հզորացմանը։

Պետք է բարձր նշաձող սահմանել բնության հատուկ պահպանվող տարածքներում ներդրումային միջավայրի համար և շարժվենք այդ ուղղությամբ՝ մեկընդմիշտ անցյալում թողնելով հանրային լողափերի վերաբերյալ ներկայիս ընկալումները։

Մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթային ձևով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ` Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Կարմիր բանակի 56 հասցեով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 10-րդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ը:Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:

Հայտ կարող է ներկայացվել ինչպես մեկ, այնպես էլ՝ մի քանի կամ բոլոր չափաբաժինների համար:

Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։

Հայտի ներկայացման, դրանց գնահատման և հանձնաժողովի գործունեության կարգը հաստատված է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի «24» «փետրվարի» 2021թ. № 1 որոշմամբ։

--00—ՄՀ