Գիտության ոլորտում առաջընթաց գրանցած Մառլեն Յոլչյանն ազատվել է զինծառայությունից․ որոշում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

1

1994 թվականին ծնված Մառլեն Արթուրի Յոլչյանը կազատվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության՝ փետրվարի 25-ի նիստի ժամանկ։

Ըստ հիմնավորման՝ որոշումը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընդլայնման և մտավոր, ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

Մառլեն Յոլչյանը կառավարության՝ 2019-ի հուլիսի 18-ի որոշմամբ, ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտական, գիտահետազոտական գործունեությունը «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության» ինստիտուտում որպես  գիտաշխատող-մաթեմատիկոս:

«2020 թվականի օգոստոսի 20-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 050 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Ինքնահամընկնող և գերզուգորդական հանրահաշիվներ» թեմայով:

Աշխատում է «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության» ինստիտուտի «Մաթեմատիկական երկրաֆիզիկայի և երկրատեղեկատվության» լաբորատորիայում, որպես գիտական հետազոտող և իրականացնում է հետազոտություններ երկրաշարժերի կանխատեսման ոլորտում՝ օգտագործելուվ աբստրակտ հանրահաշվի ոլորտում իր  ատենախոսությունոււմ մշակված նոր մոտեցումները, դիսկրետ մաթեմատիկական վերլուծության հայտնի արդյունքները, ինչպես նաւ մեքենայական ուսուցման, կերպարների ճանաչման և արհեստական բանականության ժամանակակից, կլաստերիզացիայի նորարական ալգորիթմները:

Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:

Այս որոշումը Յոլչյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը ծավալելու նպատակով՝ շարունակել աշխատելու «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության» ինստիտուտում»,- ասված է հիմնավորման մեջ:

--00—ԼՄ