Այս պայմաններում ԶՈՒ-երի հայտարարությունը դիմակայման ամենափափուկ գործողությունն էր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Արա Զոհրաբյան

Այս պայմաններում, Զինված ուժերի անմիջական ղեկավարության հայտարարությունը, դիմակայման ամենանվազ եւ ամենափափուկ գործողությունն էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Զորակցում եմ Զինված ուժերի անմիջական ղեկավարությանը

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր իշխանական որոշ ներկայացուցիչներ Զինված ուժերի անմիջական ղեկավարության հայտարարությունը որակեցին, որպես զինված հեղաշրջման փորձ: Մինչդեռ դա այդպես չի կարող լինել:

Եթե ինքներս մեզ այսպիսի հարց տանք, ինչ պետք է անեին Զինված ուժերը, եթե օրինակ պարզեին, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց վարքագծով ռազմական սպառնալիք են ստեղծում Հայաստանի Հանրապետության համար:

Մենք լավ գիտենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը Զինված ուժերի վրա է դնում Հայաստանի Հանրապետության սահմանները եւ անվտանգությունը պաշտպանելու պարտականությունը: Իսկ «Պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Զինված ուժերը որպես իրենց առջեւ դրված խնդիր պետք է բացահայտեն ռազմական սպառնալիքները եւ դրանց դիմակայեն:

Այս պայմաններում, Զինված ուժերի անմիջական ղեկավարության հայտարարությունը, դիմակայման ամենանվազ եւ ամենափափուկ գործողությունն էր: Մինչդեռ, կարող էր նաեւ ավելի կոշտ գործողություն լիներ կապված սպառնալիքի չափից:

Այս պարագայում ճիշտ է Զինված ուժերը պետք է պահպանեն, դրսեւորեն քաղաքական չեզոքություն, սակայն ստեղծված իրավիճակում կարծում եմ, որ դիմակայման նման վարքագիծն ընդունելի է եւ իրավաչափ:

Այնպես, որ ես զորակցում եմ մեր Զինված ուժերի անմիջական ղեկավարությանը:

Լավ մնացեք»։

--00--ԱՀ