Աբսուրդ հայտարարությունները շարունակվում են․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ընդդիմության առաջնորդներին, Վազգեն Մանուկյանին մեղադրում էր դավաճանության մեջ՝ հիշեցնելով նրա հայտարարությունը, որ պատերազմի օրերին զանգել է գեներալներին եւ սպաներին ու ասել, որ չկատարեն Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Ապա հերթական աբսուրդ հայտարարությունն արեց, որ այսօր «բարձրաստիճան զինվորականները լքել են իրենց ծառայությունը»։

Փաշինյանի հայտարարությունը շոկ է առաջացրել պաշտպանական գերատեսչությունում․ այդ հայտարարությունից, կարելի է ասել, հինգ րոպե անց ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ սրբագրելով վարչապետի վրիպումը եւ վստահեցնելով․ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը»:

Ուշագրավ է, որ ժամանակին Փաշինյանի թիմակիցները Հրանտ Բագրատյանին անարգանքի սյունին էին գամում այն հայտարարության համար, թե Ալիեւի տեղը լիներ, կհարձակվեր Հայաստանի վրա։ Հիմա Փաշինյանը բաց տեքստով ասում է, որ զինվորականները լքել են իրենց դիրքերը, Ալիեւ, համեցիր։ Իսկ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «ես համոզված եմ, որ շատ գեներալներ եւ բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունն ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո», արձագանքեց ԳՇ-ն․

«ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որեւէ մեկի կողմից կամ չի՛ արվել որեւէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների եւ սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ եւս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ