Որպես 3 կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել անապագա իշխանության հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

․

Այսօր մենք կանգնած ենք մեր պետականության ու ինքնիշխանության կորսման եզրագծին։ Այս մասին Մեղրի համայնքի բնակիչներին ուղղված իր հայտարարության մեջ նշել է Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը:

«Իրավիճակն իրապես ծայրահեղ է, որովհետև մի կողմից պետական ապարատն է պարալիզացված, մյուս կողմից ամենօրյա  մարտահրավերներն են մեր դուռը թակում, իսկ մեկ այլ կողմից վարչապետի աթոռին հայտնված և երկիրն այս օրին հասցրած անձն իր ամեն մի խոսքով, ելույթով գրգռում է առանց այդ էլ շիկացած վիճակը։

Կցանականայի իմ, համայնքի ավագանու և թիմակիցներիս անվերապահ աջակցությունը հայտնել ՀՀ ԳՇ-ին և Օնիկ Գասպարյանին։ Մարդու, որի կենսագրությունը, անցած ճանապարհն ամբողջապես պետական այրի վարքի դրսևորման լավագույն օրինակ է։

Սպայությունը` որպես մեր ազգային մտավորականության առանձնահատուկ շերտ, չեմ խուսափում ասել՝ էլիտա,  ունեցել և ունի  բարձր հասարակական վարկ ու կշիռ, ներդրում, և ես՝ որպես երեք կողմից սահման ունեցող համայնքի ղեկավար, չեմ ուզում առնչվել արկածախնդիր (առօրյա խոսակցականում ասում ենք՝ քյալլագյոզ), որոշումներում՝ իմպուլսիվ, ազգակործան, անանցյալ ու անապագա  իշխանության հետ, տեսնել նրա քաղաքական կուրսը, որը տանում է անդունդ։

Պատերազմող երկրի սպան բաց նյարդի պես է զգում այս երկիրն ու սպասվող ոտնձգությունները, իսկ ես օրվա մեծ մասն եմ անցկացնում նրանց հետ և բանակի պրիզմայով եմ նայում պետությանը, նրա խնդիրներին ու հոգսերին։

Ուզում եմ սթափության և ողջախոհության կոչ անել՝ հանուն երկրի ներքին կայունության, հանուն երերող այս երկրի առողջացման։ Հույս ունեմ, որ ժողովրդի հավաքական գիտակցությունը և ինքնապահպանման բնազդն  ի վերջո կհաղթի երկրպագության և միջնադարյան ծես հիշեցնող այս մոլագար դրսևորումներին։

Հայոց բանակի ու սպայի կողքին եմ, նրա զինվորն եմ և ամեն պահի պատրաստ եմ սատարել նրան։

Հարգանքով՝ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյան»,- ասված է հայտարարության մեջ:

--00--ԱՀ