Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի քարտուղարի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News 

․

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի (ԵՕԻ) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Արցախի ՄԻՊ-ը միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին կոչ է արել ևս դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարումը և հայ գերիների վերադարձի շուրջ արհեստական խոչընդոտների հարուցումը:

ԵՕԻ Գլխավոր քարտուղարի Ժոզեֆ Սիգելեի հայտարարության մեջ ասված է. «Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների:

Դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։

Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում են Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։ Սա կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները:

Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում»:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը 2009 թվականից անդամակցում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտին:

--00--ԱՀ