Արմեն Սարգսյանին կոչ եմ անում մերժել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության աղետաբեր առաջարկը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 27,  24News  

Չալաբյան

Փետրվարի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկություն է ներկայացրել՝ պաշտոնից ազատելու ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, որը այդ պաշտոնին է նշանակվել տառացիորնե կես տարի առաջ, և իր վրա է կրել անցած պատերազմի ողջ անմարդկային բեռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը:

«Քանի որ Օնիկ Գասպարյանի հայտնի հայտարարությանը միացել են ՀՀ Զինված ուժերի հրամանատարական կազմի պրակտիկորեն 90%-ը, Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատումով, Նիկոլ Փաշինյանը փաստացի նախատեսում է կադրային ջարդ սկսել բանակում, և գործող հրամանատարիներին փոխարինել իր կիսագրագետ կամակատարներով, ինչպես դա տեղի է ունեցել շատ այլ ոլորտներում։

Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես երկրի սահմանադրությանը հետևող բարձրագույն պաշտոնատար անձ, Սահմանադրության 139 հոդվածով հնարավորություն ունի իր առարկություններով եռօրյա ժամկետում հետ վերադարձնել այս առաջարկը, իսկ դրանք չընդունելու դեպքում՝ դիմել Սահմանադրական դատարան։ Հաշվի առնելով իրավիճակի օրհասական բնույթը, և բանակի կազմալուծման իրական վտանգը, կոչ եմ անում Նախագահ Արմեն Սարգսյանին գիտակցել պահի ողջ պատասխանատվությունը և մերժել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության ոչ իրավաչափ և աղետաբեր առաջարկը»,- գրել է նա:

--00—ՄՀ