Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը չի ստորագրի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

քաղաքական

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: 

««Ժառանգություն» կուսակցության վարչությունը դիմում է Ձեզ, որպես Հայաստանի պետական և ազգային շահերով մտահոգ, բազմափորձ բարձրաստիճան պաշտոնյայի, Դուք արդեն հայտարարել եք Ձեր բարձր հանձնառության մասին՝ գործադրելու հետևողական ջանքեր հանրապետությունում ստեղծված խոր ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար:

«Ժառանգությունը» բարձր է գնահատում փետրվարի 26-ի ձեր հանդիպումները, մասնավորապես ՀՀ գործող վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով հանդես եկած ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ, որը  հանրությանը ներկայացրել է իր ծայրահեղ այս քայլի լրջագույն հիմնավորումներ՝  գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականության մեջ ցուցաբերած լրջագույն սխալները, որոնք երկիրը հասցրել են կործանման եզրին: Ընդ սմին հայտարարության մեջ Հայաստանյան զինված ուժերը նախազգուշացրել են ՀՀ ներկա կառավարությանը «ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:

ՀՀ ԶՈՒ այս հայտարարության միջազգային գնահատականները հիմնականում ցույց տվեցին, որ այն բնավ չի գնահատվում իբրև «զինված հեղաշրջման փորձ», նույն համոզմանն է նաև Հայաստանյան հանրային-քաղաքական դաշտը սակավ բացատրելի բացառություններով: «Ժառանգությունն» արձանագրում է, որ Հայաստանի առջև ծառացած է պետականության կորստի ծանրագույն սպառնալիք, հարկ է հստակ և գործուն որոշումներ կայացնել: Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը անաչառ և ազգաշեն վճիռ կկայացնի՝ չստորագրել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկության որոշումը, որը չի բխում ՀՀ պետական շահերից, և անհրաժեշտության դեպքում դիմել Սահմանադրական դատարան՝ քննելու այդ որոշման իրավական հիմքերը:

--0--ԿԿ