Սումգայիթի եղեռնագործությունը Ադրբեջանի պատասխանն էր արցախահայության պայքարին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 27,  24News  

արցախահայություն

Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցի առթիվ Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Փետրվարի վերջին օրերին լրանում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հերթական ոճրագործության՝ սումգայիթյան ցեղասպանության 33-րդ տարին:

Այդ ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության, մարդկության նկատմամբ կատարված հանցագործության իրավական ձևակերպմանը:Սումգայիթյան ջարդերը Խորհրդային Ադրբեջանի օրվա իշխանության և նրանց հովանավորող ուժերի կողմից պետականորեն նախապես ծրագրված գործողություններ էին, որոնց թիրախում այդ քաղաքը կառուցած ազգությամբ հայ բնակիչներն էին: Այդ ամենին ուղեկցում էր անասելի դաժանությունն ու բռնությունը, թալանն ու կողոպուտը: Ազգային և կրոնական անհանդուրժողականության հողի վրա սկիզբ առած բռնարարքները համարժեք գնահատական չստացան Խորհրդային Միության քաղաքական ղեկավարության և միջազգային համապատասխան կառույցների կողմից, որի պատճառով ջարդերն ու բռնի տեղահանումները դարձան գործելաոճ Ադրբեջանի վարչախմբի համար, և հետագա ամիսներին նոր արհավիրքի զոհ դարձավ Բաքվի, Գանձակի, Կուրի ձախափնյակի բնակչությունը: Շուրջ կես միլիոն հայություն Ադրբեջանից բռնատեղահանվեց, իսկ Հյուսիսային Արցախի բնիկ հայությունը զրկվեց հայրենիքից:

Սումգայիթյան եղեռնագործությունը Ադրբեջանի իշխանությունների պատասխանն էր 1988թ փետրվարին արցախահայության՝ իր ազատության և ինքնորոշման համար սկսած պայքարին:

ԼՂԻՄ խաղաղ բնակչությունը նույնպես հայտնվեց Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի թիրախում: Այն առավել անմարդկայնորեն դրսևորվեց 2020թ աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր պատերազմի ժամանակ:

Հարգանքի տուրք մատուցելով սումգայիթյան եղեռնագործության և Ադրբեջանի ագրեսիայի զոհ դարձած հազարավոր մեր հայրենակիցների հիշատակին, դատապարտելով խտրականության, անհանդուրժողոկանության և այլատյացության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները կոչ են անում միջազգային հանրությանը, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգող երկրներին ու կազմակերպություններին՝ ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն
Արցախի «Արդարություն» խմբակցություն
«Միասնական հայրենիք » խմբակցություն
«Ազատ հայրենիք- ՔՄԴ»խմբակցություն»։

--00—ՄՀ