ՀՀ ընտրությունները անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ․ ՄԹ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնը ողջունել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատան ֆեյսբուքյան էջից․

Հրապարակված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․

«Միացյալ Թագավորությունը (ՄԹ) ողջունում է միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը, ըստ որի 2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը»։

ՄԹ կառավարությունն ուրախ է, որ որպես միջազգային կոնսորցիումի անդամ սատարել է այս ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին՝ ֆինանսապես աջակցելով «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագրին։

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար սըր Ալան Դանքնն ասել է․

«Այս ընտրությունները Հայաստանի ժողովրդավարական զարգացման նոր կարևոր փուլ են նշանավորում։ Ես շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին տպավորիչ հաղթանակի համար, ինչպես նաև Ազգային Ժողով անցած մյուս կուսակցություններին։

ՄԹ կառավարությունն ակնկալում է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության և խորհրդարանի հետ՝ աջակցելով ժողովրդավարական կառույցների հետագա ամրապնդմանը և քաղաքական ու տնտեսական հավակնոտ բարեփոխումներին՝ ի նպաստ հայ ժողովրդի»։