Անկարայի բացասական դերը ԼՂ հակամարտությունում և հատկապես վերջին ագրեսիայում ակնհայտ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

արա այվազյան

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը «РИА Новости» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև ԼՂ բանակցային գործընթացքում Թուրքիայի ակտիվ ներգրավվածության, հրադադարի ռեժիմի վերահսկման կենտրոնի աշխատանքներին ներգրավվելու հնարավորության մասին:

Հարց. Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում հրադադարի ռեժիմի վերահսկման համատեղ կենտրոնում թուրք զինվորականների ներկայության հանգամանքին: Քննարկվու՞մ է արդյոք հայկական կողմին այդ կենտրոնի աշխատանքներին ներգրավելու հարցը:

Պատասխան. Անկարայի բացասական դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում և հատկապես վերջին ագրեսիայում ակնհայտ է: Դա նախ և առաջ վերաբերում է Արցախի դեմ պատերազմում Մերձավոր Արևելքի՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող շրջաններից ահաբեկիչների և զինյալների տեղափոխմանը և նրանց ակտիվ ներգրավվածությանը, Ադրբեջանին ռազմատեխնիկական աջակցությանը, ինչպես նաև նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը նախորդած կրակի դադարեցման վերաբերյալ երեք պայմանավորվածությունների բացահայտ տապալմանը:

Միջազգային հանրությունից ակնկալում ենք ավելի հասցեական ներգործություն Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս վերանայի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բացահայտ ագրեսիվ վերաբերմունքը:

Հարց. Երևանի համար ընդունելի՞ է Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը Ղարաբաղյան բանակցային գործընթացում:

Պատասխան. Բանակցային գործընթացում կարող են մասնակցել հակամարտության կողմերը և միջազգային միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Թուրքիան, որն անթաքույց կերպով հովանավորում էր Արցախում մերձավորարևելյան ահաբեկիչների գործունեությունը, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառել է իր զինվորական անձնակազմին և մարտական անօդաչու սարքեր, արդեն իսկ ակնհայտորեն ի ցույց է դրել ոչ միայն հակամարտության մեջ իր ներգրավվածության աստիճանը, այլև իր բացարձակ հեռավորությունը բանակցային գործընթացից:

Հարց. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ «կան նրբություններ, որոնք խնդրահարույց հարցեր են պարունակում» և որ «դրանց բոլորի շուրջ այժմ ակտիվ դիվանագիտական աշխատանք է տեղի ունենում»: Արդյո՞ք դա նշանակում է, որ Երևանը մտադիր է վերանայել նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ: Հաջողվու՞մ է համաձայնեցնել խնդրահարույց հարցերը, այդ թվում գերիների փոխանակումը:

Պատասխան. Հայաստանը խստորեն հավատարիմ է կողմերի՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթների կյանքի կոչման սկզբունքին: Հայտարարության պայմանների կատարմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ազգային մակարդակով ձևավորվել են միջգերատեսչական հանձնաժողովներ: Որոշակի փուլերում ծագող հարցերը քննարկվում են աշխատանքային կարգով: Մենք մտադիր ենք նաև հետագայում հավատարիմ մնալ եռակողմ հայտարարության իրականացման այս մոտեցմանը:

Միևնույն ժամանակ, մենք ականատես ենք լինում որոշակի հարցերի շուրջ պայմանավորվածությունների կատարման ադրբեջանական կողմի ակնհայտ դժկամությանը, ինչի վկայությունն է եռակողմ հայտարարության դրույթների կամայական մեկնաբանությունը, այդ թվում՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց փոխանակման դրույթի մասով:

--00--ԱԹ