Բանակը ճիշտ է անում, որ չի ենթարկվում իշխանությանը. Օհանյանի կոչը՝ ԱԱԾ-ին և ոստիկանությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծիք է հայտնել, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, դավադրության ու ապիկար կառավարման արդյունք է, ինչի մասին խոսում են նաև աշխարհի առաջատար ուժերն ու նույնիսկ թշնամիները: 

«Թուրքական գործակալական շարասյունը ՀՀ-ում գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Անձամբ Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու պատերազմի և պարտության համար, քանի որ մերժեց մեր գրոծընկերների հետ հարաբերությունները, Մինսկի խմբի ֆորմատը, Ալիևը ինքն ասաց, որ Փաշինյանն է նախաձեռնել, որպեսզի երկուսով պլանավորեն Արցախի հարցը լուծումը. նա լուծեց պատերազմով և տարավ դեպի պարտություն»,- հայտարարել է նախկին նախարարը:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ այսօր միակ լեգիտիմ կառույցը բանակն է, կառավարությունը ձախողել է սոցիալ-տնտեսական գործընթացը, չի կատարել ՀՀ-ի սահմանների անձեռմխելիության, սահմանազատման խնդիրները. «Թուրքը, ադրբեջանցին հենց այնպես եկել, կանգնել է իր համար հարմար դիրքերում»:

Պաշտպանության նախկին նախարարը նաև ճիշտ է համարում, որ բանակը չի ենթարկվում իշխանությանը, ավելին, նա կոչ է արել հանրությանը գալ հանրահավաքի՝ բանակի թիկունքը ամուր պահելու:

«Բանակը իր քայլը կատարեց, հայկական բանակը ժողովրդի կողքին է: Խոսքս վերաբերում է ԱԱԾ-ին, ոստիկանության բոլոր սպաներին, կոչ եմ անում կանգնել ժողովրդի կողքը:

Պարոնա՛յք գեներալներ, սպանե՛ր, մարտակա՛ն ընկերներ, կամավորականնե՛ր, կանգնե՛ք ժողովրդի կողքին, ժողովուրդն էլ կկանգնի բանակի կողքին, և միասին կհասնենք հաջողությունների»,-հայտարարել է Սեյրան Օհանյանը:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս