Օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 27,  24News 

Այվազյան

ԱԳ նախարար Արա Այվազյանը «РИА Новости» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից օտարերկրյա վարձկանների դուրսբերմանը, հայ-ռուսական հարաբերություններին:

Հարց. Պաշտոնական Երևանը բազմաթիվ անգամներ հայտարարել էր հակամարտության գոտում Ադրբեջանի ԶՈւ կազմում ներգրավված օտարերկրյա վարձկանների մասին: Արդյո՞ք խնդիրը մնում է արդիական ռազմական գործողությունների ավարտից հետո: Կարո՞ղ է Երևանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) Սիրիայից վարձկանների առկայության ապացույցներ: Եվ արդյո՞ք այդ կապակցությամբ տարածաշրջանում պահպանվում է վտանգը:  

Պատասխան. Արցախի դեմ ռազմական գործողություններում ներգրավելու նպատակով Ադրբեջանը և Թուրքիան օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ են տեղափոխել հակամարտության գոտի. այդ փաստը հաստատել են մեր միջազգային գործընկերները և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ամենաբարձր մակարդակով:

Արցախի տարածքում ձերբակալվել են օտարերկրյա զինյալներ, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ: Քրեական գործերը փոխանցվել են համապատասխան դատական ատյաններ:

Ադրբեջանի կողմից օտարերկրյա զինյալների առկայության փաստը հաստատված է նաև մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից: ՄԱԿ վարձկանների օգտագործման աշխատանքային խմբի 2020թ. նոյեմբերի 11-ի հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանում տեղակայված վարձկաններն առնչություն ունեն զինված ահաբեկչական խմբավորումների հետ, որոնք առնչություն ունեն սիրիական հակամարտության ընթացքում պատերազմական հանցագործությունների իրականացման և մարդու իրավունքների լուրջ խախտումների հետ: Հայտարարությունը միանշանակ արտացոլում է Թուրքիայի դերը օտարերկրյա վարձկանների տեղափոխման գործում:

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից: Ադրբեջանի ղեկավարության որոշումը՝ երկիրը վերածել թուրքական սատելիտի և ահաբեկչության օջախի, լուրջ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության համար:

Հարց. Ի՞նչ մակարդակի վրա են այժմ գտնվում հայ-ռուսական հարաբերությունները: Երկկողմ կապերն ամրապնդելու անհրաժեշտություն տեսնու՞մ եք:

Պատասխան. Հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դաշնակցային բնույթն արդեն իսկ նախանշում է մշտական և շարունակական աշխատանք՝ դրանց հետագա ամրապնդման և ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու տեսանկյունից՝ պայմանավորված ինչպես ժամանակով, այնպես էլ տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներով: Մենք մտադիր ենք համակարգված կերպով իրականացնել այս աշխատանքը՝ ելնելով մեր երկրների ժողովուրդների առանցքային շահերի ապահովման անհրաժեշտությունից:  Բնականաբար, այս աշխատանքի ամուր հիմքը եղել և շարունակելու է մնալ մեր ժողովուրդների բարեկամությունը: Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում համապատասխան զարգացումները չեն վերաբերելու փոխգործակցության առանձին վերցրած ոլորտի. դրանք ազդեցություն են ունենալու նաև այլ ոլորտների վրա, որոնք ամբողջությամբ ներառված են մեր դաշնակցային համագործակցության օրակարգում: 

Մենք մտադիր ենք այս աշխատանքն իրականացնել համագործակցության միջպետական մեխանիզմների շրջանակներում: Խոսքը տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, միջխորհրդարանական երկխոսության մասին է, աշխատանք է տարվելու նաև մեծ հանձնաժողովի և համապատասխան ոլորտային կոմիտեների շրջանակներում, այն նաև աշխատանք է ռազմատեխնիկական հանձնաժողովի շրջանակներում և այլ ձևաչափերով: Բնականաբար, այս ամենն իրականացվելու է մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ակտիվ համակարգմամբ: 

Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական ծառայությունների մակարդակով առկա ինտենսիվ երկխոսության կարևորությունը, որը մտադիր ենք առավել զարգացնել:

--00--ԱԹ