«Լոռի»-ին պահանջում է «Ալաշկերտ»-ին տեխնիկական պարտություն տալ․ պատճառը հրապարակվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Ալաշկերտի» դեմ խաղի (0-1) վերաբերյալ «Լոռի» ՖԱ-ն հայտարարություն է տարածել: Վանաձորյան ակումբը պնդումը է՝ «Ալաշկերտը» խախտել է խաղի հիմնական ժամանակի ընթացքում առավելագույնը 3 դադարով 5 փոփոխություն կատարելու պայմանը։

«Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված «Լոռի ՖԱ» – «Ալաշկերտ» հանդիպման 84-րդ րոպեին «Ալաշկերտի» մարզչական անձնակազմը օգտագործեց փոփոխություն կատարելու երրորդ դադարը՝ փորձելով փոխարինել երկու ֆուտբոլիստների։ Բայց ինչ-ինչ պատճառներով նրանցից միայն մեկը մտավ խաղադաշտ` N7 Վանգու Գոմեսին փոխարինեց N19 Կամարան։ Տեղի ունեցած որոշակի դադարից հետո մրցավարը սուլիչով հրահանգեց խաղը շարունակել, գնդակը մտավ խաղի մեջ, իսկ հետո, հաջորդ դադարին մրցավարը թույլ տվեց չորրորդ դադարով կատարել եւս մեկ փոփոխություն՝ N8 Գագիկ Դաղբաշյանին փոխարինեց N4 Յովանովիչը:

ՖԻՖԱ-ի ֆուտբոլ խաղի կանոնների 2020/21 թթ․ մրցաշրջանի խմբագրության համաձայն՝ թիմը իրավունք ունի խաղի հիմնական ժամանակի ընթացքում կատարել առավելագույնը 5 փոփոխություն՝ առավելագույնը 3 դադարով, ընդ որում՝ ընդմիջմանը կատարված փոփոխությունները չեն հաշվվում: Խաղի կանոնների համաձայն՝ մրցավարն իրավունք չունի իր հայեցողությամբ թույլ տալ 4-րդ դադարով կատարել փոփոխություն։ Ուստի վերոնշյալ խաղում «Ալաշկերտն» օգտվել է 4 դադարից, ինչն օրենքի կոպտագույն խախտում է եւ պատժվում է տեխնիկական պարտությամբ։

«Լոռի» ՖԱ-ն ցանկություն չունի կաբինետներում միավորների պաշար հավաքել, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լոռի» ակումբի նկատմամբ առանձնահատուկ որոշումներ են կայացվում, մասնավորապես՝ բոլոր թիմերն օգտվեցին COVID-19-ի հետեւանքով դադարի իրավունքից, իսկ մեր թիմը COVID-19-ի պատճառով չկարողացավ համալրվել եւ ներկայանյալ առաջին տուրին, եւ մեզ գրանցեցին տեխնիկական պարտություն։ Կարեւոր է ընդգծել, որ մենք ՀՖՖ-ին տեղեկացրել էինք մեր ունեցած խնդրի մասին նախապես՝ մրցաշրջանի մեկնարկից 20 օր առաջ։

ՀՖՖ-ից ակնկալում ենք ՖԻՖԱ-ի ֆուտբոլ խաղի կանոններին համապատասխան որոշում, նման օրինակները բազմաթիվ են։ Ընթացիկ մրցաշրջանում, օրինակ, «Ռոմային» գրանցվեց տեխնիկական պարտություն ավելացված ժամանակում 6-րդ փոխարինումը կատարելու համար։

Հատկանշական է նաեւ, որ «Լոռի» ՖԱ-ն, պահպանելով ՖԻՖԱ-ի արդար խաղի կանոնները, ընդառաջեց «Ալաշկերտին» եւ համաձայնեց հետաձգել ՀՖՖ-ի կողմից նախկինում դեկտեմբերի 12-ին նշանակված այս հանդիպումը»,-նշվում է հայտարարությունում։

--00—ԼՄ