Բախվել են Land Rover-ն ու ԶԻԼ-130-ը, որը հայտնաբերվել է 1,5 կմ հեռու՝ կողաշրջված վիճակում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

․

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում, Թալին-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, բախվել են Land Rover և ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը:
 
Ֆոտոլրագրողը հայտնում, որ դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաներն ու ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում են իմացել, որ Land Rover-ին բախվել է ԶԻԼ-ը և նշված ավտոմեքենան, որը բարձված է եղել հողով, ոստիկանները հայտնաբերել են վթարի վայրից մոտ 1,5 կմ հեռավորության վրա, դաշտամիջյան հատվածում՝ կողաշրջված վիճակում:
 
Մինչ վթարի վայրի զննություն էին կատարում ՃՈ ավագ հետաքննիչներ Հ. Վարդանյանն ու Ա. Աղաջանյանը, ԶԻԼ-ի վարորդը նույնպես տեղափոխվեց «Թալին» բժշկական կենտրոն:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

--00--ԱՀ