Ես իշխանություն չունեմ, իշխանությունը ժողովրդինն է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է վաղը՝ ժամը 18.30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրավաքվի նպատակին և այն թեմաներին, որոնք քննարկվելու են հրապարակում:

Ըստ Փաշինյանի՝ վաղվա հանրահավաքով նախ պիտի վերահաստատվի ժողովրդի հաստատակամությունը՝ պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդական, ժողովրդավարական, սահամանադրական կարգը ՀՀ-ում և ժողովրդավարական իշխանությունը:

«Խոսքը ոչ թե այս կառավարության կամ իմ իշխանության պաշտպանության մասին է, այլ ժողովրդի իշխանության: Ես Հայաստանում՝ որպես էդպիսին, իշխանություն չունեմ, իշխանություն ունի ժողովուրդը, որը պատվիրակել է այդ իշխանությունը ինչ-որ ժամանակով, ինքը կորոշի՝ ի՞նչ ժամանակով, ինձ: Եվ հետևաբար առաջին կարևոր իմասը ժողովրդական քաղաքացիական սահմանադրական կարգը և իրավունքը, հաստատակամությունը ի ցույց դնելու մեջ է մեր վաղվա հանրահավաքը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծել է, որ լարումներ են ստեղծվում, նշվում է, թե վաղվա հանրահավաքը նոր «Մարտի 1»-եր հրահրելու համար է, սակայն նա վստահեցրել է, որ Հայաստանում այլևս «Մարտի 1»-եր չեն լինելու:

«Կանդրադառնամ նաև հարցին՝ ի վերջո, բացահայտվա՞ծ է արդյոք 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործությունը, թե՞՝ ոչ, և իրողությունները ի ցույց կդնեմ հոկտեմբերի 27-ի հետ համեմատության ֆոնին»,-ուղիղ եթերի տեսանյութին կից գրել է նա:

--00—ԼՄ