«Դադարեցրե՛ք էս ղալմաղալը». Մարուքյանը առաջարկով դիմում է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում, անդրադառնալով ներքաղաքակն իրավիճակի լուծումներին, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով վաղը՝ մարտի 1-ին, հետ վերցնել ԳՇ պետին ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը: ԼՀԿ ղեկավարը նաև առաջարկում է վերանշանակել ԳՇ պետի տեղակալին, ձեռք չտալ ԳՇ ղեկավարությանը, 5 բանակային կորպուսների ղեկավարներին և ընդհանրապես թողնել, որ զինվորականները զբաղվեն իրենց գործով՝ բանակի վերականգնմամբ:

«Մենք, ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ մենք չենք առաջադրվելու և որևէ մեկի չենք առաջադրելու վարչապետի հրաժարականի պարագայում, խորհրդարանը ցրվի, բոլորով գնանք ընտրությունների: Որովհետև եթե խորհրդարանը ցրվում է ու գնում ենք ընտրությունների, բոլորի աղմուկ-աղաղակը մտնելու է նախընտրական փուլ. ցույց է, նախնտրական ցույց է, երթ է, նախընտրական է, հանրահավաք է, չգիտեմ՝ ինչ է, նախընտրական է. բոլորս գնում ենք նախընտրական արշավի, և երկիրը շունչ է քաշում»,-ասել է Մարուքյանը և ընդգծել, որ ընտրություններով ձևավորված նոր իշխանությունն էլ հետագայում կորոշի՝ ԳՇ պետը, տեղակալը կմնա՞ն, թե՞ չեն մնա:

«Առաջարկում եմ դադարեցնել էս ղալմաղալը, էս պատերազմը, էդ տարրական, թաղային մակարդակի դաղալությունը, անարդարությունը՝ բանակի դեմ սանձազերծած, նույնպես դադարեցնել, հրամանագրերը հետ բերել, և մենք ստանձնում ենք պատասխանատվություն անցնցում խորհրդարանը ցրելու՝ առանց որևէ առաջադրման, ձեր հրաժարականի պարագայում, և գնում ենք ընտրությունների»,-ասել է Մարուքյանը:

--00—ԼՄ