Շիրակի մարզում 2020-ին արձանագրվել է 19 անչափահասի կատարած հանցագործության 24 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

նկար

2021 թ. հունվարին Գյումրիում արձանագրվել է անչափահասների կողմից կամ մասնակցությամբ հանցագործության կատարման երկու դեպք: Մասնավորապես, ըստ դրանց առթիվ նախպատրաստված նյութերի՝ մի դեպքում Գյումրու Խաղաղության օղակի այգում 15-16 տարեկան մի խումբ դեռահասների միջև ծագած վիճաբանության և փոխադարձ հայհոյանքներ հնչեցրելու արդյունքում 4 դեռահասներ ձեռքերով հարվածներ են հասցրել իրենց տարեկցի մարմնի տարբեր մասերին, նրա գլխին հարվածել փայտով, ինչի հետևանքով դեռահասի առողջությանը հասցվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Մյուս դեպքում, որը տեղի է ունեցել «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ ՊՈԱԿ-ում, 9-րդ դասարանի երկու աշակերտի միջև բջջային հեռախոսից օգտվելու հարցի շուրջ ճագած վիճաբանության ընթացքում նրանցից մեկը մյուսի դեմքին՝ աջ աչքի շրջանում, հարվածել է բռունցքով, ինչի հետևանքով տուժած անձը ստացել է գլխուղեղի ցնցում, նրա առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

Հաշվի առնելով, որ իրենց տարեկիցներին ծեծի ենթարկած դեռահասները խոստովանել են արարքը, զղջացել, խնդրել իրենց չենթարկել պատասխանատվության, որոշումներ են կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ առաջին դեպքում  հանցակազմի բացակայության և անձանց արարքը կատարելու պահին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքին հասած չլինելու հիմքերով, իսկ երկրորդի դեպքում՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով:

Շիրակի մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020թ.-ին մարզի տարածքում փաստացի արձանագրվել է 19 անչափահասի կողմից կատարված հանցագործության 24 դեպք։ 2019թ.-ի համեմատ հանցագործություն կատարած անչափահաս անձանց թիվը նվազել  է 2-ով, սակայն դեպքերի քանակն ավելացել է 8-ով:

Ընդ որում, 2020թ.-ի ընթացքում հանցագործություն կատարած անչափահասներից 1-ը, ով 2 անգամ կատարել է  հափշտակություններ, հանցանքները կատարելու պահին գտնվել է հաշվառման մեջ: Մտահոգիչ է հատկապես այն հանգամանքը, որ 2020թ.-ին արձանագրվել էր անչափահասի կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն:  Այս քրեական գործով կալանավորվել է 17 ամյա անչափահաս, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Նշված դեպքն առանձնանում է նրանով, որ դրա առաջացմանն էականորեն նպաստել էր ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված լինելու պայմաններում 2 գյուղերի ֆուտբոլային թիմերի միջև խաղի կազմակերպումը և անցկացումը, որը դուրս է մնացել ոստիկանության համապատասխան աշխատակիցների վերահսկողությունից:

Չնայած անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կիրառվել են ներգործության միջոցներ, այդ թվում նաև՝ դատախազական, սակայն հատկապես 2020 թ.-ին արձանագրված վիճակի խորապատկերին 2021թ.-ի հունվարին անչափահասների կողմից կատարված հանցագործության միանգամից 2 դեպքերը փաստում են, որ նրանց շրջանում հանցագործությունների նախականխման, խափանման ուղղությամբ ձեռնարկված միջոցները չեն տվել ցանկալի արդյունքները:

Ելնելով պետական և հասարակական մարմինների հետ այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու, առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ հանցավոր դեպք է արձանագրվել նաև ուսումնական հաստատության տարածքում՝ ըստ էության, դաստիարակչական գծով աշխատանքներ իրականացնող մանկավարժների հսկողությունից դուրս մնալու հետևանքով՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը միջնորդագրեր է հասցեագրել ՀՀ      կրթության,   գիտության, մշակույթի և սպորտի նախարարին և ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին: 

Միջնորդագրերով բարձրացվել է ՀՀ ոստիկանության մարզային վարչության բաժիններում անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցների կողմից տարվող կանխարգելիչ աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված թերացումները մանրամասն վեր հանելու և գնահատաելու խնդիրը: Նախարարին ուղղված միջնորդագրով անհրաժեշտ է համարվել «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ ՊՈԱԿ-ում նմանատիպ դեպքերը բացառելու, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելուց զերծ պահելու, դպրոցների տնօրինության և ոստիկանության տարածքային ստորաբաժանման անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի աշխատակիցների միջև աշխատանքային գործուն կապերի ապահովումը և համատեղ միջոցառումների իրականցումը:

Մարզի դատախազությունն արդեն իսկ պլանավորել է ընթացիկ տարում ուսումնական և այլ սոցիալական հաստատություններ այցելությունների, հանդիպումների միջոցով առավել ինտենսիվ դարձնել անչափահասների հետ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը:

--00—ԼՄ