Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Մարտի 1-ին նախատեսված զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պահպանման և հանրային անվտանգության ապահովման նպատակով կոչ ենք անում անվերապահորեն մնալ օրենքի և օրինականության շրջանակում, չտրվել սադրիչ գործողությունների, խուսափել անպատասխանատու քայլերից և իրավակարգը վտանգող ձեռնարկներից։

ՀՀ ոստիկանությունն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և իր գործառույթներին համապատասխան` ապահովելու է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը։

Մեր հայրենակիցներին հորդորում ենք կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել հակահասարակական արարքների գայթակղությանը։ Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրային անվտանգությունը պահպանելու համար։

Հիշենք, որ քաղաքացու օրինահարգ պահվածքն ու իրավապահ մարմինների հետ համագործակցությունն են հասարակական անդորրի և անվտանգության պահպանման երաշխիքը»։

--00--ԱԹ