Մարտին հանրապետությունում ամսվա տեղումները կլինեն նորմայից ավելի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

նկար

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մարտ ամսին հանրապետության ողջ տարածքում ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավել։

Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3.9⁰C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3.2⁰C, երրորդ տասնօրյակում` +0.5⁰C:     

Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1...-4⁰C, Լոռիում (Տաշիրում` -3⁰C), Սյունիքի,  Արագածոտնի նախալեռներում` 0...+2⁰C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3...+8⁰C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում,  Շիրակում`  երրորդ տասնօրյակներում:                

Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28...-34⁰C, նախալեռներում` -24...-30⁰C, հովտային շրջաններում` -13...-17⁰C, Արարատյան դաշտում` -17...-25⁰C:

Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից Արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19...22⁰C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23...27⁰C, Սյունիքի հովիտներում` 25...30⁰C:

Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5.1⁰C է, առաջին տասնօրյակում` 3,0⁰C, երկրորդ տասնօրյակում` 5.0⁰C և երրորդ տասնօրյակում` 7.2⁰C: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.2⁰C, բարձրադիր մասերում` -16.4⁰C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները  1970թ.` 27⁰C և 2001թ.`  24.8⁰C :

Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը  գերազանցում է +3⁰...+5⁰C:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն`  800-1000մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:

--00—ԼՄ