Կարծում եք՝ ինչ-որ մեկն ինձ հանձնարարե՞լ է այդ հավաքին ներկա գտնվել. Պեկ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

պեկ նախագահ

ՊԵԿ աշխատակիցները իրենք են որոշում՝ աշխատանքից հետո գնալ- մասնակցե՞լ հանրահավաքի, թե՞ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր կողմից որևէ աշխատակցի հանրահավաքի մասնակցելու ցուցում չի տրվել: 

Հովհաննիսյանը նշեց, որ ինքը ևս մասնակցել է նախորդ հանրահավաքին: Հարցին՝ եթե չմասնակցեր, իր համար խնդիրներ կարո՞ղ էին առաջանալ, նա նշել է.

«Բացարձակ: Ի՞նչ նկատի ունեք՝ խնդիրներ ասելով, ո՞նց եք կարծում՝ ինչ-որ մեկն ինձ հանձնարարե՞լ է այդ հավաքին ներկա գտնվել: Ոչ: Ես իմ կամքով եմ գնացել»:

Լրագրողները հիշեցրել են՝ վարչապետը ժամանակին հայտնում էր, որ ՀՀԿ-ն վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց է բերում հանրահավաքների, սակայն այժմ ինքը նույնն է անում: ՊԵԿ նախագահն ասել է.

«Ես չունեմ նման տեղեկություններ, ես պետական մարմնի ղեկավար եմ, եթե լիներ նման դեպք, տեղյակ կլինեի: Վարչական ռեսուրսի կիրառում էր, երբ մարդկանց բռնի ուժով էին մասնակից դարձնում հանրահավաքներին, իսկ ես գնացել եմ իմ կամքով»:

Հարցին՝ ՊԵԿ նախագահն այդքան ժամանակ ունի՞, որ մասնակցում է երեք ժամ տևող հանրահավաքի, արդյո՞ք խնդիրներ չկային լուծելու, որ ժամանակն այդ նպատակին ծառայեցներ, Հովհաննիսյանը, շեշտելով, որ խնդիրները լուծվում են, պատասխանել է.

«Թույլ տվեք՝ ես որոշեմ, թե իմ ժամանակը որքան է ազատ, որքան՝ զբաղված, և իմ ժամանակի որ մասը ինչին կարող եմ ծառայեցնել: Հանրահավաքը երեք ժամ չի տևել, ես այդքան ներկա չեմ գտնվել»:

--00--ԱԹ