Սիմոնյանը «Время покажет»-ի եթերում խուսափել է «Իսկանդերի» մասին հարցի պատասխանից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Սիմոնյան

ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ռուսական Առաջին ալիքի «Время покажет» հաղորդման շրջանակներում փետրվարի 26-ին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներին և ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրների մասին ՀՀ վարչապետի սկանդալային հայտարարություններին:

Հնչում է հարց` ո՞րն էր «Իսկանդեր»-ի մասին ՀՀ վարչապետի հայտարարության պատճառը. դա սխալմունք էր, դավաճանություն, սադրանք, թե անտեղյակություն:

«Ես չեմ ուզում այս պահին պատասխանել այս հարցին, քանի որ Հայաստանում տեղի են ունենում տարբեր իրադարձություններ, և իմ պատասխանը կարող է ազդել այդ իրադարձությունների վրա... պարզապես պետք է նայել դեպքերի շղթային: Վարչապետի հայտարարությունը` այն մասին, որ նա աշխատանքից ազատում է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ՌԴ ՊՆ հայտարարությունը: Սա շղթա է, որ, կարծում եմ, ձեզ կհուշի ձեր հարցի պատասխանը»,- պատասխանում է Սիմոնյանը:

Նրան խնդրում են հստակեցնել` ի՞նչ է ասել ՌԴ ՊՆ-ն: 

«ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ «Իսկանդեր»-ով հարված չի եղել պատերազմի 44 օրերին»,- նշում է նա:

«Այո, չի եղել»,- պնդում են հաղորդավարները:

«Ներեցեք, Դուք, երևի թե, գերագնահատում եք իմ ինտելեկտուալ հնարավորությունները: Ասում եք` Դուք կարող եք ինքներդ ամեն ինչ հասկանալ: Ես ոչինչ չեմ հասկանում: Փաշինյանը խոսել է «Իսկանդերների» մասին, հետո ՌԴ ՊՆ-ն հայտարարում է «Իսկանդերները չեն կիրառվել»: Ասում եք` ահա և մտածեք: Մտածում եմ ... և ի՞նչ»,- Սիմոնյանին է դիմում հաղորդավար Անատոլի Կուզիչևը:

«Հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը` այս պահին ես նպատակահարմար չեմ համարում առավել հստակ պատասխանել այս հարցին»,- ասում է Սիմոնյանը:

«Հենց այդպես էլ պետք էր ասել»,- ամփոփում են հաղորդավարները:

Փաշինյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ը ժամանակին չօգտագործելու վերաբերյալ: Նա նշել էր` այդ հրթիռները կամ չեն պայթել, կամ պայթել են միայն 10 տոկոսով: 

ՌԴ ՊՆ-ն այս հայտարարության հետ կապված տարակուսանք էր հայտնել` միաժամանակ տեղեկացնելով, որ ԼՂ-ում «Իսկանդեր» չի օգտագործվել:

--00--ԱԹ