Վեճի ժամանակ աշտարակցին դանակահարել էր իր հարևանին ու վեճին ներկա մեկ այլ քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Մարտի 1-ին՝ ժամը 23.25-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգած քաղաքացին խնդրում էր, որ Աշտարակ քաղաքի Լինչի փողոց ոստիկաններ մոտենան: Բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ հասավ դեպքի վայր ու կանխեց վիճաբանության զարգացումները։ Շուտով հայտնի դարձավ, թե ինչ էր կատարվել Լինչի փողոցում։

Ահազանգից մոտ տասը րոպե առաջ՝ վիճաբանության ժամանակ, 43-ամյա տղամարդը դանակահարել էր 52-ամյա հարևանին։ Վիճաբանությանը ներկա էր եղել նաև Աշտարակի Հեքիմյան փողոցի 50-ամյա մի բնակիչ, որին նույնպես դանակի հարվածներ էին հասել:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մոտ երկու ժամ անց Աշտարակի ոստիկանները հայտնաբերեցին դանակահարողին ու բերման ենթարկեցին բաժին։

Նա տվեց խոստովանական բացատրություն։ Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվեց հանցագործության գործիք դանակը:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

--00—ԼՄ