Ռուսական զենքը՝ լավագույններից մեկը․ ինչո՞ւ է Փաշինյանը փոխել քաղաքական հայացքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

Փաշինյան

 Հայաստանի վարչապետը խոսել է կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու մասին, որը նա ավելի վաղ քննադատում էր: Նա պատրաստակամություն է հայտնել գնալ արտահերթ ընտրությունների, իսկ մինչ այդ պահանջում էր Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականը: Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը հրաժարվել իր նախկին տեսակետներից և ինչպես է ավարտվելու առճակատումը իշխանության շրջանում և Երևանի փողոցներում, պարզել РИА Новости-ն։

Գործակալությունը վերլուծական հոդված է հրախպարակել, որը ներկայացնում ենք ստորև․

Միայն ժողովուրդը

Հանրապետության հրապարակում կողմնակիցների շրջանակում կայացած հանրահավաքում Փաշինյանն ասել է. « պետք է աշխատենք ազգային հանրաքվեով նոր կամ բարեփոխված Սահմանադրություն ընդունել»: Եվ նա հնարավոր է համարել կառավարման խորհրդարանական համակարգից կիսանախագահական կառավարման ձևի անցումը:

Փաշինյանն ընդգծել է, որ ինքն ու իր կողմնակիցները պատրաստ են արտահերթ ընտրությունների: Այսպես ասած, քանի որ ընդդիմությունը ցանկանում է իր հրաժարականը, նա որոշելու է իր ժողովրդականության աստիճանը քվեարկության ընթացքում: Փաշինյանն արդեն կարգախոս է մտածել՝ «Վերջ թավիշին» և հաջողություններում կասկած չունի․

«Մենք վստահ ենք ժողովրդի դիրքորոշման հարցում, միայն ժողովուրդն է ինձ բերել վարչապետության, և միայն ժողովուրդը կարող է ինձ հեռացնել, ուզում եմ, որ նա քվեարկության միջոցով ստանա այս հնարավորությունը, ուզում եմ վստահ լինել, որ նա ինձ ներել է իմ սխալները: Եվ ես մարտահրավեր եմ նետում խորհրդարանական ընդդիմությանը ՝ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների»:

Սա անսպասելի է հնչել, քանի որ մեկ ամիս առաջ Փաշինյանը իմաստով հակառակ բառեր էր արտասանում: Հունվարին նա պնդում էր, որ կառավարման կիսանախագահական ձևը անկախությունից ի վեր ամենաանարդյունավետն է. «Միասին մենք գործնականում համոզվել ենք, որ սա ձախողված համակարգ է, որը դատապարտում է երկիրն անհաջողությունների»:
Նա մտափոխվել է շարունակվող քաղաքական ճգնաժամի ազդեցության տակ:

Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո, որը Հայաստանում ընկալվում է որպես պարտություն, երկիրը եռում է: Ընդդիմությունը կոչ է անում Փաշինյանին հրաժարական տալ, փողոցում բողոքողները վանկարկում են «Նիկո՛լ, դավաճա՛ն»:

Այդ ֆոնին վարչապետը որոշել է. այժմ քննադատներին պատասխանելու ամենալավ ժամանակն է: Եվ նա մանրամասն հարցազրույց է տվել․ նա մեկնաբանել է իր նախորդի` Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ղարաբաղում մարտերի ընթացքում ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի անժամանակ օգտագործման մասին: «Թող նա հարց տա ՝ ինչո՞ւ «Իսկանդեր» հրթիռը չի պայթել, կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, տասը տոկոսով», - ընդդիմախոսին հեռակա քննադատել է Փաշինյանը: Երբ լրագրողը կասկածել է, թե դա պատահե՞լ է արդյոք, վարչապետն ասել է, որ, ըստ էության, ինքը տեղյակ չէ: «Միգուցե սա 80-ականների զենք է»,-հավելել է քաղաքական գործիչը:

Փաշինյանը պաշտպանում էր իր սեփական տեսակետները և հարձակվում հակառակորդների վրա: Նա պնդում էր, որ մինչ իր իշխանության գալը Հայաստանում կար միայն մեկ ինստիտուտ՝ «կոռուպցիայի ինստիտուտը»: «Բայց մենք կարողացանք այն ոչնչացնել,- շարունակել է Փաշինյանը,- և մեր թիմի առանձնահատկությունն այն է, որ մենք փող չունենք՝ ոչ անձնական, ոչ էլ ընդհանուր»։

Հենց այդ ժամանակ էլ նա անդրադարձել է արտահերթ ընտրություններին: Փաշինյանը պնդում էր, որ ընդդիմությունն է դեմ արտահերթ քվեարկությանը, ուստի որոշումը հետաձգվել է մինչ ամառ: Իրականում,  Փաշինյանի քաղաքական թշնամիներն այս հարցը կապել են նրա հրաժարականի հետ: «Որոշ ուժեր մտադիր են օգտագործել խորհրդարանական ընտրությունները որպես արմատական գործողությունների հարթակ, ինչը կարող է սպառնալ ներքին կայունությանը, ինչպես նաև մեծացնել արտաքին մարտահրավերները»,- ընդգծել է Փաշինյանը:

Վերջինիս ելույթներն աննկատ չեն մնացել. Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը քննադատաբար է վերաբերվել նրա խոսքերին: Սա (կամ որևէ այլ բան) նրան արժեցել է իր պաշտոնը. կառավարության ղեկավարը հեռացրել է գեներալին: Ի պատասխան՝ Գլխավոր շտաբը պահանջել է Փաշինյանի հրաժարականը՝ ասելով, որ քաղաքական գործիչները երկիրը տանում են վտանգավոր ուղով:

Վաշինգտոնի և Անկարայի աջակցությունը

Դրանից հետո իրադարձությունները սկսեցին ավելի արագ զարգանալ. վարչապետը տեղի ունեցածը անվանել էր ռազմական հեղաշրջման փորձ և կոչ էր արել իր կողմնակիցներին գալ հանրահավաքի Հանրապետության հրապարակ: Ինչպես պարզվեց, Փաշինյանը աջակցություն ուներ արտերկրում ՝ Վաշինգտոնում և Անկարայում: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը միանշանակ է խոսել. «Պետությունների զինված ուժերը չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը. ԱՄՆ-ն հանդես է գալիս Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների օգտին, մենք ամուր պաշտպանում ենք այս երկրի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը»:

Անկարայի աջակցության խոսքերը կարող են ընկալվել որպես բացահայտ ծաղրանք. Հայ հասարակության կարծիքը բացասական է Թուրքիայի նկատմամբ, այդ թվում `որպես Ադրբեջանի դաշնակից: Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության նախարար Մևլութ Չավուշօղլուն դատապարտել է աշխարհի ցանկացած երկրում իշխանությունը բռնազավթելու փորձերը: «Սա վերաբերում է նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին», -հավելել է արտգործնախարարը:

 Վերլուծությունն ամբողջությամբ՝ РИА Новости-ում։

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս