Իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու համար Վ․ Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 12.02.2021 թ. և 20.02.2021 թ. Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վազգեն Մանուկյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է 04.03.2021 թ.՝ ժամը 11:00-ին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման ծանոթացման և մեղադրանքի շուրջ հարցաքննության համար վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից: 

Այսօր ավելի վաղ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ տեղեկացրել էր, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ՔԿ-ից ստացել է ծանուցագիր:

--00--ԱՀ