Ամեն ինչ Օնիկ Գասպարյանի գլխին է ջարդվելու. նա չի մնա՝ ով էլ լինի իշխանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Ամեն ինչ Օնիկ Գասպարյանի գլխին է ջարդվելու։ Նա չի մնա՝ ով էլ լինի իշխանություն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ հիմնավորելով․

«2008 թվականի մարտի 1-ին զորքերը քաղաք իջեցնողն ու հրահանգ տվողն ասաց, որ դրա հետ կապ չունի։ Այն արել է Միքայել Հարությունյանը (խմբ․՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար, Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ)։ Կարծում եմ, որ մեկ շաբաթ հետո այդ հարթակի մարդիկ կամ նրանց թիկունքում կանգնածներն ասելու են նույնն Օնիկ Գասպարյանի մասին։ Վաղն ամեն ինչ զինվորականների գլխին է ջարդվելու»,- ընդգծել է նա։

Սարգսյանը պնդել է, որ եթե ռազմական հեղաշրջում տեղի ունենա, առաջին հերթին չի ընդունի ժողովուրդը, հետո՝ ամբողջ աշխարհը, կատեգորիկ դեմ կլինի Ռուսաստանը։ 

«Այն մարդիկ, ովքեր մտածում են՝ զորքը քաղաք իջնելով, Օնիկ Գասպարյանի՝ իշխանություն վերցնելով խնդիր է լուծվելու ու դա ընդունելի է լինելու աշխարհի, ժողովրդի համար, իրավիճակը ճիշտ չեն գնահատում։ Իրավիճակի հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են, ոչ թե Օնիկ Գասպարյանի և մյուս զինվորականների հրաժարականները»,- կարծում է նա։

Սարգսյանը վստահ է, որ յուրաքանչյուր դեպքում՝ կլինեն ընտրություններ, նորից վարչապետ կընտրվի Նիկոլ Փաշինյանը, թե իշխանության կգա «17-ի» առաջնորդներից մեկը կամ ենթադրենք Սերժ Սարգսյանը, միևնույն է, ԳՇ պետը չի մնալու։

«Չի մնալու։ Ով ուզում է լինի՝ նա այլևս ԳՇ պետ չի լինի, որովհետև ինքը դեմ է դուրս եկել իր գլխավոր հրամանատարին։ Այստեղ նա էլ պետք է հետևություն անի։ Անում է՝ ինչի՞ համար։ Եթե խնդիրը միայն իրենը չէ, եթե հայրենիքինն է, դրանով հայրենիքին չեն օգնի»,- եզրափակել է Արամ Սարգսյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։