Առանց ԳՇ-ի խնդիրը լուծելու՝ չեմ պատկերացնում ընտրություն․ ուզում եմ՝ օր առաջ արտահերթ լինի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել տեղի ունեցած քննարկումից։

Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ԶՈՒ-ը ոչ մի կերպ չպետք է քաղաքականացնել, և որ ընտրություններն ամենահիմնարար խնդիր լուծող հարցն է։

«Եթե երկրում արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենում, իսկ մենք ուզում ենք, որ դա օր առաջ լինի, մենք չենք կարող այս ճգնաժամից դուրս գալ։ Ես որևէ ձևով ճանապարհ չեմ տեսնում, ոչ մի ձև չեմ տեսնում էս վիճակից դուրս գալը՝ բացի արտահերթից»,-ասել է Մարուքյանը։

Նա նաև ընդգծել է, որ իր կողմից կա կամք՝ այս բանակցությունը շարունակելու, սակայն հարցը պետք է քննարկել նաև ԲՀԿ-ի հետ։

ԼՀԿ ղեկավարը նաև տեղեկացրել է, որ իր այն առաջարկը, թե ԳՇ պետի հարցը պետք է լուծել արտահերթ ընտրություններից հետո, վարչապետի համար ընդունելի չէ, քանի որ Փաշինյանը այդ երկու հարցերն իրար հետ չի կապում, մինչդեռ ԼՀԿ-ն կապում է, քանի որ շատ մտահոգված է ԶՈՒ ԳՇ-ի և կառավարության գործընթացի հետ կապված։

«Մեկը ես չեմ պատկերացնում առանց ԳՇ-ի հետ կապված խնդիրը լուծելու արտահերթ ընտրություններ։ Բայց ուզում եմ օր առաջ ընտրություն լինի, դրա համար ասում էի՝ եկեք կոնսենսուսի գանք, էս մասը դադար տանք, թողնենք ընտրություններից հետո դա զբաղվելու հարց ու գնանք առաջ։ Էդ մասով կոնսենսուս չունենք»,-ասել է Մարուքյանը։

ԼՀկ ղեկավարը նաև առաջարկել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը մարտի 8-ին հրաժարական տա, ապրիլի 25-ին կամ մայիսի 2-ին կլինեն ընտրություններ։

Հիշեցնենք, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարությունում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ազգային ժողովի՝ մարտի 3-ի կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանդիպումներ է ունենալու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ: 

--0--ԿԿ