Պատերազմի ժամանակ մահվան դեպքերի մեծ մասը զրահաբաճկոնների պակասի պատճառով էր․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News 

սահման

«Իրավունք» թերթը գրում է․ Պահեստազորի սպա, տնտեսագետ Արթուր Գրիգորյանի գնահատմամբ՝ 44-օրյա արցախյան պատերազմի ընթացքում գեթ մեկ տեղ չկար, որտեղ խնդիր չի եղել՝ թե՛ սպառազինության, թե՛ մարդկային ոեսուրսների ու համազգեստների մասով: Դրա համար ունենք այն հետեւանքը, որն ունենք, մինչդեռ ի վիճակի էինք այսպիսի հետեւանք չունենալու:

- Խնդիրներն ի հայտ են եկել պատերազմի առաջին օրվանից: Ամենագլխավորներից՝ զրահաբաճկոնների եւ սաղավարտների հարցն է եղել, ինչպես նաեւ զինվորականների ճտքավոր կոշիկների: Վիրավորումների եւ մահվան դեպքերի մեծ մասն այն պատճառով էին, որ զրահաբաճկոնների կամ սաղավարտների պակաս կար, այսինքն՝ վիրավորումների եւ մահացությունների մեծ մասը բեկորային էր: Հարցն այն է, որ պետբյուջեի հատկացումների մասով եւ ընդհանրապես՝ ամեն մասով խնդիրներ էին ստեղծված:

Օրինակ՝ մեկ զրահաբաճկոնի արժեքը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում 250 հազար դրամ է նշված, այնինչ ներկա պահին նույնիսկ տեղը կարող եմ ասել, որ կան բավականին էֆեկտիվ զրահաբաճկոններ, որոնց արժեքն է 130 հազար դրամ եւ մի քանի անգամ ավելի լավն է իր որակական հատկանիշներով:

Այնինչ, պատերազմի օրերին ներկայիս իշխանության ներկայացուցիչները հրավիրում էին մեզ մարտի դաշտ՝ մեր իսկ զրահաբաճկոններով եւ մեր իսկ համազգեստով: Բայց ունենք 70 հազար ակտիվ զինվորականներ, 210 հազար՝ ռեզերվ, այսինքն՝ առնվազն 280 հազարի հաշվարկով պիտի մեր ՊՆ պահեստներում ունենայինք համապատասխան քանակի ե՛ւ զրահաբաճկոններ, ե՛ւ սաղավարտներ, ե՛ւ համազգեստներ՝ ամեն ինչ, ընդհուպ նաեւ բուշլատներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ