Սպորտային կոշիկ, ծաղրածուի դիմակ, հոգնա. քաղաքացիները բերել են «Փաշինյանի պայուսակը»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Կառավարության շենքի դիմաց քիչ առաջ բողոքի ակցիա էին փորձում իրականացնել երկու երիտասարդ՝ Մկո Վարդանյանն ու Կարապետ Պողոսյանը։ Ինչպես հայտնում է Pastinfo-ն, վերջիններս բերել էին ճամպրուկ ու վստահեցնում էին, որ այնտեղ տեղ են գտել 2018 թվականի հեղափոխության «խորհրդանիշ» ուսապարկի մեջ եղած իրերը, ինչպես նաեւ քաղաքացիների կողմից տրված իրեր, որոնց թվում՝ թուղթ ու գրիչ՝ հրաժարականի դիմումը գրելու համար, իսկանդերի պայթած 10 տոկոսը, թղթե ինքնաթիռ, սպորտային կոշիկներ, ծաղրածուի դիմակ, սև թուղթ, հոգնա։ 

«Ուզում ենք հանձնել իրեն, որովհետև իրենից հոգնել ենք։ Իրեն խորհրդանշող իրերը, ինքն էլ՝ որպես քաղաքական մշակույթ, ավիրել են մեր երկիրը, ուզում ենք սա իրեն վերադարձնել ու խնդրել, որ հեռանա, որովհետև բավական է ինչքան վնասներ մեզ պատճառեց»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ըստ քաղաքացիների՝ ծաղրածուի դիմակը հանել են նույն 2018-ի ուսապաարկից, որը խորհրդանշում է վարչապետի կեղծավորությունը։ Այնտեղ կա նաև փուչիկ, որը խորհրդանշում է վարչապետի սուտը, կա նաև կախարդական փայտիկ, որը այդպես էլ չապահովեց թռիչքաձև աճ, բերել էին նաև ֆեյքերի հայհոյանքներով լի թղթեր և այլ խորհրդանշական իրեր։

Երիտասարդները նշեցին, որ Փաշինյանի ուսապարկում կար Հայաստանի միասնական քարտեզը, որը հանել ենք ուսապարկից, քանի որ չեն ուզում մեր երկիրը տալ իրեն, սակայն նրանք չհասցրեցին ուսապարկը վերադարձնել Փաշինյանին, քանի որ ոստիկանները մոտեցան ու նրանց բերման ենթարկեցին՝ անձի ինքնությունը պարզելու համար, մինչդեռ երիտասարդները ներկայացել էին, ունեին անձնագիր ու նրանց ինքնությունը կարելի էր ճշտել հենց տեղում։

--00--ԱԹ