Հատուկ օպերացիա՝ Էջմիածնում. բերման են ենթարկվել օրենքով գողեր և քրեական հեղինակություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

նկար

Մարտի 4-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային  ոստիկանության  բաժանմունքների կողմից  Էջմիածնում իրականացված «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ և օրենքով գողերի տաք-տաք վնասազերծում» օպերացիայի արդյունքում Էջմիածին քաղաքում գործող «Անտառային գեղեցկուհի» ռեստորանային համալիրի տարածքից բերման ենթարկված անձանց ինքնությունը պարզվել է. նրանք են՝ 46-ամյա Արթուր Առաքելյանը, 46-ամյա Արսեն Առաքելյանը, 31-ամյա Էդուարդ Դանիելյանը, 42-ամյա Ժիրայր Բրուտյանը, որը օրենքով գող «Շահումյանից Ժիրո»-ն է, 32-ամյա Արամայիս Միրզոյանը, 30-ամյա Մարտուն Միքայելյանը, 42-ամյա Հայրապետ Կարապետյանը, 53-ամյա Անդրանիկ Սողոյանը, ով օրենքով գող «Զապ»-ն է, 43-ամյա Հայկազ Գալաջյանը, 41-ամյա Շալիկո Մանուչարյանը, 42-ամյա Հայկ Հարությունյանը, 49-ամյա Կարեն Հարությունյանը, 31-ամյա Սիմակ Գոգչյանը, 40-ամյա Ռուբեն Հովակիմյանը և 41-ամյա Զոհրաբ  Բաղդասարյանը, գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել «Lexus մակնիշի» P 743 OH 750 RUS համարանիշի, «Porsche Panamera» մակնիշի 36 CV 660 համարանիշի, «BMW» մակնիշի  35 ZR 268 համարանիշի, «Toyota Land Cruiser» մակնիշի 37 AQ 176 համարանիշի և «Toyota Land Cruiser» մակնիշի 88 OP 088 համարանիշի ավտոմեքենաները: 

Անձնական խուզարկությամբ Հ. Կարապետյանի տաբատի աջ գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ՝ գաղտնի փականով, իսկ Մ. Միքայելյանի գոտկատեղի հատվածում ամրացված վիճակում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, որոնք վերցվել և փաթեթավորվել են:  Նշված բոլոր անձինք բաց են թողնվել: Նշանակվել են դատաքրեագիտական փորձաքննություններ: 

Դեպքի փաստով հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ոստիկաները Էջմիածին քաղաքում իրականացրել էին «Պայքար՝ քրեական ենթամշակույթի դեմ, և օրենքով գողերի տաք-տաք վնասազերծում» օպերացիան: Վաղաշապատի ոստիկանները րոպեների ընթացքում Էջմիածին քաղաքում հայտնի «Անտառային գեղեցկուհի» ռեստորանային համալիրի տարածքից ոստիկանության Վաղարաշապատի բաժին էին բերման ենթարկել թվով 15 անձի:

Ըստ աղբյուրի՝ բերման եթարկվածներից երկուսը օրենքով գողեր էին. նրանք են՝ «Լեննականցի Զապ»-ն ու «Շահումյանցի Ժիրո»-ն, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ են: Նրանք եղել են «Lexus» մակնիշի ռուսական համարանիշներով, «Toyota Land Cruiser», «Porsche Panamera», «BMW» մակնիշի ավտոմեքենաներով, որոնք նույնպես տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

--00—ԼՄ