Արցախում արգելվել է օգտագործել դատախազության ծառայողական մեքենաները ոչ աշխատանքային օրերին

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 6,  24News  

դատախազություն

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի հանձնարարականով այսուհետ  խստիվ արգելվում է դատախազության հաշվեկշռում գտնվող ծառայողական ավտոմեքենաներն աշխատանքային ժամերից դուրս կամ ոչ աշխատանքային օրերին վարելը` բացառությամբ դատախազության բնականոն գործունեության ապահովման համար անհետաձգելի դեպքերի: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծառայողական ավտոմեքենաների օգտագործման վերաբերյալ գլխավոր դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, Ստեփանակերտ քաղաքի և շրջանների դատախազներին ու դատախազության աշխատակազմի ղեկավարին համապատասխան հանձնարարական է տվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:  

Ըստ այդմ՝ ծառայողական նպատակներով դատախազությունից այլ վայր մեկնելու անհրաժեշտության դեպքում դատախազները կօգտվեն դատախազության աշխատակազմի ղեկավարի կողմից դրա համար առանձնացված ծառայողական մեքենաներից: Դատախազության հաշվեկշռում գտնվող ծառայողական ավտոմեքենաները կշահագործվեն միայն դատախազության վարորդների վարմամբ`  բացառությամբ այն շրջանների դատախազների, ովքեր բնակվում են տվյալ շրջանի տարածքից դուրս` իրենց բնակության վայր և բնակության վայրից աշխատավայր մեկնելիս:

Հանձնարարականի համապատասխան կետերի պահանջների խախտում թույլ տված անձինք կենթարկվեն կարգապահական պատասխանատվության «Դատախազության մասին» Արցախի Հանրապետության օրենքով և  Գլխավոր դատախազի հրամանով սահմանված կարգով:

--00—ՄՀ