Կկրակեն իրար վրա․ եթե Փաշինյանը չգնա ընտրության, ռևանշիստները կանցնեն գաղտնի պայքարի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

ՀՀ ԶՈւ ԳՇ-ն չգնաց ռազմական հեղաշրջման, քանի որ գիտեր, որ դա ծանր հանցագործություն է։ Ավելին՝ մտավախություն ուներ, որ զորքն իր դեմ դուրս կգա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

Նրա խոսքով՝ մեր երկրում զինված հեղաշրջումը կործանարար կլինի։

«Եթե զինված հեղաշրջում լինի, ՀՀ-ն կկորցնի պետականությունը։ Դա շատ վտանգավոր է։ Բանակը ռազմական հեղաշրջում չարեց, բայց արեց ավելի վտանգավոր բան՝ ռևանշիստներին խաղաքարտ տվեց։ ԳՇ հայտարարությունն ուղիղ բանակի դեմ գործեց և ուժեղացրեց Փաշինյանին»,- ասել է նա։

Ըստ ազատամարտիկի՝  եթե սա պետություն չէ այլևս, թող զենքով գրավեն իշխանությունը, հակառակ դեպքում պետք է շարժվենք սահմանադրական կարգով, որպեսզի «բեսպրիդել» չլինի, փողոցներում իրար չմորթեն։  

Ստեղծված վիճակից միակ ելքն ընտրություններն են, ինչը, ըստ նրա, իշխանությունը չի կեղծի։
«Եթե կեղծիքների փաստ Փաշինյանը տվեց ընդդիմության ձեռքը, ավելի մեծ ապստամբություն կանեն։ Եթե չեն գնում ընտրության և մնում է այս վիճակը, այն ավելի մեծ անկայունության կբերի, եթե այսպես շարունակվի, չի բացառվում իրար վրա կրակեն։  Ընդդիմությունը, երբ տեսնի փողոցային պայքարով հարց չի լուծվում, կանցնի պլան Բ-ին։ Եթե Փաշինյանը չգնա ընտրության, կանցնեն գաղտնի պայքարի»,- եզրափակել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։