Տեր Բագրատ եպիսկոպոսն ընտրվել է «Սիթի Օֆ Սմայլ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Տեր Բագրատ

Մարտի 4-ին ‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից: Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Հիմնադրամը շնորհավորում է Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, մաղթում ուժ, կորով և արդյունավետ աշխատանքի ի շահ քաղցկեղ ունեցող երեխաների։ «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» հիմնադրամի առաքելությունն է լինել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների և նրանց ընտանիքների կողքին և օգնել արժանապատվորեն անցնել քաղցկեղի հաղթահարման դժվար ճանապարհը։ Ներկա դրությամբ «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամն աջակցել է շուրջ 400 շահառուի Հայաստանից, Արցախից՝ 2,5 տարվա ընթացքում տրամադրելով մոտ 700 մլն դրամ նրանց բուժման նպատակների համար։

Հիմնադրամն ամբողջությամբ հոգում է Հայաստանում բուժման ծախսերը՝ ներառյալ լաբորատոր հետազոտությունները, քիմիաթերապևտիկ դեղորայքը, ճառագայթային բուժումները, վիրահատական և այլ միջամտությունները։

--00--ԱԹ