Գիտելիքահենք տնտեսության միջոցով հասնելու ենք բարեկեցիկ ու ապահով Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News     

ю

Մարտի 11-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում-քննարկում է անցկացրել «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Քննարկման մեկնարկին փոխվարչապետը հանդես է եկել ելույթով. «Ուրախ եմ այսօր կառավարությունում ընդունելու «Գիտուժ»-ի ներկայացուցիչներին:

Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը, հետևողականությունն ու դրսևորած կամքը: «Գիտուժ»-ին մենք ընկալում ենք որպես գիտության քաղաքականության հարցերում կառավարության գործընկեր և ցանկանում ենք փոխըմբռնման ու փոխվստահության հիման վրա արդյունավետ համագործակցություն հաստատել:

Այսօր կքննարկենք գիտության ֆինանսավորման հարցերը, ինչպես նաև գիտության զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները: Կարծում եմ՝ բոլորս էլ համաձայն ենք, որ անվտանգ և մրցունակ երկրի կառուցումը պետք է տեղի ունենա գիտության, հատկապես՝ բնական ու տեխնիկական գիտությունների զարգացման միջոցով: Եվ գիտելիքահենք տնտեսության միջոցով հասնելու ենք բարեկեցիկ ու ապահով Հայաստանին: Միաժամանակ, եթե գաղափարի ու տեսլականի հարցում խոշոր բանավեճեր հիմնականում չեն առաջանում, ապա գործնական մակարդակում կան մի շարք խնդիրներ:

Այդ համատեքստում օրակարգի հարցերն են՝ ինչպես ու ինչ մեխանիզմներով պետք է զարգացնել գիտությունը և ավելացնել դրա ֆինանսավորումը, որոնք են գերակա ուղղությունները ու առաջնահերթությունները, որոնք են այն բնագավառները, որտեղ Հայաստանը ունի մրցակցային կամ համեմատական առավելություններ: Այս հարցերին պետք է անընդհատ անդրադառնալ և ուղղումներ մտցնել գործողություններ իրականացնելու հետ միասին:

Այլ կերպ ասած՝ գիտության զարգացման վերաբերյալ երկխոսությունը պետք է լինի դինամիկ և գործնական: Ի վերջո, նոր գիտելիքի ստեղծմանը զուգահեռ գիտության զարգացումը էական հարակից արդյունքներ կարող է ունենալ՝ սկսած առօրյա կյանքում և տարբեր ոլորտներում խնդիրներ լուծելուց և տնտեսական զարգացման պոտենցիալի ընդլայնումից, մինչև մարդկային կապիտալի զարգացում և հասարակության քաղաքակրթական առաջընթաց»:

--00--ԱՀ