Ամեն ինչ կորցնելու ռիսկերի պայմաններում է Բաքվի բռնապետը ստիպված կանգ առել Շուշիում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

քաղաքական

Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի ապաշնորհությունն արդարացնելու համար մեզանում փորձ է կատարվում արմատավորելու այն կարծիքը, թե Արցախում վերջին պատերազմի ընթացքում Հայաստանը միայնակ էր մնացել միջազգային ասպարեզում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ ավելացնելով, որ պատերազմի օրերին միջազգային դիվանագիտական ետնաբեմում ընթացող ուշագրավ գործընթացների մասին դեռևս այս տարվա հունվարի կեսերին հետաքրքիր տեղեկություններ է ներկայացրել Հեյդար Ալիևի նախկին օգնական և նախագահի աշխատակազմի ղեկավար Էլդար Նամազովը։

«Ըստ նրա՝ Ադրբեջանում չի եղել երկընտրանք՝ ամբողջությա՞մբ, թե՞ մասնակիորեն բռնազավթել Արցախը։ Իրականում երկընտրանքն այլ է եղել, քանի որ ադրբեջանական բանակի առաջխաղացմանը զուգահեռ ավելացել են չափազանց լուրջ ռիսկեր նաև ամեն ինչ կորցնելու առումով, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք տերությունները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, Ադրբեջանի դեմ հանդես են եկել միասնական ճակատով։

Դիվանագիտական խողովակներով հնչեցվել են սպառնալիքներ առ այն, որ Ադրբեջանի դեմ կլինեն կոշտ դիրքորոշումներ՝ ճանաչելով Արցախի անկախությունը և գնալով Կոսովոյի ճանապարհով, կամ պահանջ կդրվի, որպեսզի Ադրբեջանը վերադառնա սեպտեմբերի 27-ի դիրքերին: Եղել է նաև միջին կամ փոխզիջումային տարբերակ՝ պահանջել Ադրբեջանից, դուրս գալ նախկին ԼՂԻՄ տարածքներից», - գրել է Ոսկանյանը։

Նա ընդգծել է, որ հենց նման ռիսկերի պայմաններում է, որ Բաքվի բռնապետը ստիպված կանգ է առել Շուշիում և Մոսկվային առաջարկել տեղակայել խաղաղապահներ։ 

--0--ԿԿ