ԿԲ-ն գնաճը զսպելու համար ստիպված փողը թանկացրել է, ինչը ճգնաժամի պայմաններում ցանկալի չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

8

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում  գրառում է արել՝ անդրադառմալով վերջին մեկ ամսում արձանագրված կտրուկ գնաճին։

«Ուրբաթ օրը՝ մարտի 12-ին, մեր երկրի տնտեսական բլոկի թիվ մեկ պատասխանատուն հայտարարել է, որ «պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից, եթե նայենք, թե ինչ տենդենցներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գները աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են դրա ֆունդամենտալ հիմքերը»։

Նախ, պետք է ֆիքսենք, որ խոսքը ինչ-որ մեկ ամսվա գնաճի մասին չէ, այլ 3 ամիս է, ինչ վիճակը կտրուկ վատթարացել է։ 2020 թ․-ի դեկտեմբեր, 2021 թ․-ի հունվար-փետրվար ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է համապատասխանաբար 3,7 %, 4,5%, 5,3 %-ով։ Աճման միտումն ակնհայտ է, ուստի միամտություն է կարծել, թե սա լոկ մեկ ամսվա խնդիր է և վիճակը բարելավվելու է։ Ավելին՝ եթե նայենք սննդամթերքի գների փոփոխությանը նույն վերջին 3 ամիսների ընթացքում, ապա պատկերն առավել «տխուր» է դառնում․ սննդամթերքի գներն աճել են համապատասխանաբար 4,9 %, 6,4 %, 7,8 %-ով։ Սննդամթերքի գների աճման միտումը ևս ակնհայտ է։

Երբ դիտարկում ենք վերջին տարում, ըստ ամիսների, սպառողական գների ինդեքսի և սննդամթերքի գների փոփոխությունը, ակնհայտ է, որ դեկտեմբեր ամսից սկսած դրանք շեշտակի աճել են (տե´ս կից գրաֆիկը) և դատելով միտումներից շարունակելու են աճել։

Ինչ վերաբերում է աշխարհի միտումներին, ապա այստեղ ևս պետական պաշտոնյան ազնիվ չէ։ 2021թ․ փետրվարին, երբ ՀՀ-ում սպառողական գների ինդեքսն աճել է 5,3%-ով, ԵՄ երկրներում այն աճել է 1,2%-ով, ԱՄՆ-ում՝ 1,4%-ով, Վրաստանում՝ 2,8%-ով, իսկ օրինակ՝ Չինաստանում և Ճապոնիայում՝ նվազել է համապատասխանաբար 0,3%-ով և 0,6%-ով։

Սակայն մի բանում պետք է համաձայնել հնչած մտքի հետ, որ պետք է հասկանալ, թե որոնք են գնաճի ֆունդամենտալ հիմքերը։ Դրանցից են․ անվտանգության ոլորտում առկա հսկայական անորոշությունները, քաղաքական անկայունությունը, դրամի արժեզրկումը, տնտեսության հիմքերի խարխլումը, բիզնեսի և հասարակության շրջանում բացասական սպասումները և այլն։ Բայց, կարծես թե, Կառավարությունում այդպես էլ չեն հասկանում այս հիմքերը, ոչ էլ պատկերացնում են այն աղետալի սոցիալական հետևանքները, որ կլինի հասարակության ստվար զանգվածի համար տևական գնաճի արդյունքում։

Հ․Գ1․ Թեև ՀՀ Սահմանադրությամբ գների կայունություն ապահովելը Կենտրոնական բանկի խնդիրն է, բայց ակնհայտ է, որ վերջին 3 ամիսներին տեղի ունեցողն առավելապես ոչ թե ֆինանսական գործոնների, այլ տնտեսությունում տեղի ունեցող բացասական պրոցեսների հետևանք է և դա կանխարգելելու համար հենց Կառավարությունն անելիք ունի։ Իսկ ՀՀ Կենտրոնական բանկն իր գործն անում է․ պատահական չէ, որ դեկտեմբերի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 4,25%-ից 5,25%, իսկ փետրվարի 2-ին՝ 5,5%։ Փաստորեն՝ Կենտրոնական բանկը գնաճը զսպելու համար ստիպված է եղել փողը թանկացնել, ինչը ճգնաժամի պայմաններում ցանկալի չէ, բայց Կառավարությունը այլընտրանք չի թողել։

Հ․Գ2․ Բոլոր թվերը վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական հրապարակումներից»։

 

--00—ԼՄ