Տարադրամի փոխանակման կետի աշխատակցի սպանության փորձի գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

1

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու և սպանության փորձ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 51-ամյա բնակիչը, նույն քաղաքի 39-ամյա բնակչի հետ համաձայնության գալով վերջինիս օժանդակությամբ Քաջազնունի փողոցում գործող տարադրամի փոխանակման կետից ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ, 2021թ. փետրվարի 22-ին` ժամը 14:30-ի սահմաններում, այցելել է վերոնշյալ փոխանակման կետի մոտակայք՝ նախապես կրելով գլխարկ և բժշկական դիմակ: «Օպել Զաֆիրա.» մակնիշի ավտոմեքենայով նշված վայր է մոտեցել նաև 39-ամյա տղամարդը՝ խոստացված օժանդակությունն իրականացնելու, 51-ամյա տղամարդու անվտանգ փախուստն ու գողոնի տեղափոխումն ապահովելու նպատակով:

51-ամյա տղամարդը, մտնելով տարադրամի փոխանակման կետ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ուրիշի գույքի հափշտակություն իրագործելու դիտավորությունն իրականացնելու նպատակով, նախապես վերցված որպես զենք օգտագործվող առարկան ուղղել է փոխանակման կետի աշխատակցի վրա և գումար պահանջել: Վերջինս չհրկիզվող պահարանից հանել և նրան է տրամադրել տարբեր արժույթներով, ընդհանուր 29.600.000 ՀՀ դրամին համարժեք գումար, որից հետո 51-ամյա տղամարդը, մոտենալով տաղավարի մուտքի դռանը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի ձեռք բերված և իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակի օղակը քաշելով` այն նետել է տաղավարի մեջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝  նռնակի չպայթելու պատճառով, հանցագործությունն ավարտին չի հասցրել, որից հետո 39-ամյա տղամարդու հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 175-րդ հոդվածի (ավազակությունը) 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, իսկ 39-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ