Տիգրան Ավինյանը աշխատանքային շրջայց է կատարել Կադաստրի կոմիտեի գրասենյակներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

․

Մարտի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ Կադաստրի կոմիտեի Կենտրոնի և Արաբկիրի սպասարկման գրասենյակներում՝ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ուղեկցությամբ:

Այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացել Կադաստրի կոմիտեի աշխատանքների կազմակերպման ընթացքին, զրուցել է Կադաստրի կոմիտեի աշխատակիցների հետ, տեղեկացել աշխատանքային պայմաններին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:

Սուրեն Թովմասյանը փոխվարչապետին է ներկայացրել Կադաստրի կոմիտեի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ հանգամանալից անդրադառնալով առանձին ոլորտներում արձանագրված փոփոխություններին, այդ թվում՝ չափագրման փաթեթների կազմման, սպասարկման որակը բարձրացնելու և ժամանակ խնայելու մեխանիզմների ներդրման, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղություններով: Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնացրել է հաշվետվողականության գործիքների, առցանց ծառայությունների աշխարհագրության ընդլայնման հարցերը՝ հայտնելով, որ 7 ամսվա ընթացքում 260 համայնք արդեն տեղափոխվել է առցանց վարման: Սուրեն Թովմասյանը ներկայացրել է նաև քարտեզների ճշգրտման գործընթացն ու ընթացիկ արդյունքները՝ նշելով, որ առկա գործիքակազմով հնարավորություն է ստեղծվում բացահայտել առկա խնդիրներն ու շեղումները և ուղղումներ կատարել համայնքների սահմանների, հասցեների ճշգրտման գործընթացներում:

Այցի շրջանակներում Տիգրան Ավինյանը ծանոթացել է նաև Կադաստրի արխիվային հատվածին՝ կարևորելով ինչպես պատշաճ արխիվացումը, այնպես էլ ծառայությունների և թղթաշրջանառության ամբողջական թվայնացման անհրաժեշտությանը: Փոխվարչապետը նշել է, որ էլեկտրոնային ստորագրության պարզեցված տարբերակի ներդրումը, որը պիտի տեղի ունենա մինչև 2021թ. ավարտը, խոշոր նշանակություն կունենա թվայնացման գործընթացում էական առաջընթաց արձանագրելու հարցում:

--00--ԱՀ