ԱՄՆ-ն, ի տարբերություն Ալիևի, չի համարում, որ ԼՂ-ի խնդիրը լուծվել է․ Սուրեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

սուրեն

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորանքին։

«Բայդենը շնորհավորել է Ալիևին, և նամակում մի հետաքրքիր միտք է շարադրված.

Մասնավորապես.

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մենք օգնելու ենք կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծում և խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ բարեկեցիկ և խաղաղ ապագա ապահովելու համար»:

Այս նախադասությունից կարելի է մի քանի հետևություն անել:

1. ԱՄՆ-ն իր դիրքերը չի զիջելու որպես ՄԽ համանախագահ:

2. ԱՄՆ-ն, ի տարբերություն Ալիևի, չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է:

3. Ըստ Բայդենի վարչակազմի, ձևավորված իրավիճակն ու իրողությունները չեն ապահովելու բարեկեցիկ և խաղաղ ապագա կառուցելուն:

Այս ձևակերպումները հստակեցնում են ԱՄՆ դիրքորոշումն ու քաղաքական գիծը, ինչը մեզ համար աշխատելու լայն ֆրոնտ է բացում:

Հիմա ամենակարևորը: Արդյոք Հայաստանի իշխանությունները համարո՞ւմ են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, թե՞՝ ոչ: Հենց սրանից է կախված մեր պետության ապագան»:

--00—ԼՄ