ՀՀ-ի և Ուրուգվայի ԱԳ նախարարները խոսել են անվտանգությանն ու խաղաղության հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

․

Մարտի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի  հետ: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական համագործակցության օրակարգի շուրջ։

Երկուստեք գոհունակություն են հայտնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված  հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատել երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորել են ուրուգվայահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։

Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

--00--ԱՀ