ԵՊԲՀ-ում կայացել է պատերազմում զոհված ուսանող Կիմ Խաչատրյանին նվիրված հուշ-երեկո

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

․

Երևանի պետական բժշկական համալսարանում մարտի 19-ին անցկացվել է ստոմատոլոգիական ֆակուլտետի Արցախյան պատերազմում զոհված ուսանող Կիմ Խաչատրյանի հուշ-երեկոն, որը նվիրվել է նրա ծննդյան օրվան: «Արմենպրես»-ին յս մասին տեղեկացրին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Կիմին հայրենասիրությունը փոխանցվել է ոչ թե դաստիարակության, այլ գենի միջոցով: Նա առանց վայրկյան մտածելու կամավորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին՝ «ով, եթե ոչ ես» խոսքերը շուրթերին»,- ասել է հերոսի մայրը՝ Նարինե Միքայելյանը, շեշտելով, որ որդին զինվորագրվել և պատերազմ է գնացել դրոշները ձեռքին ծածանելով, ավա՛ղ, ափսո՛ս, վերադառնալով դրոշն իր վրա կրելով՝ միացել է հանուն հայրենիքի նահատակված քաջ հայորդիներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ անմահացած հերացիականները հայրենասիրության, մարդասիրության և գթասրտության օրինակ են: Նրանք բժշկի այն կերպարներն են, որոնք պատրաստ են մարտի դաշտում պաշտպանել հայրենիքն ու ազգի արժանապատվությունը, միևնույն ժամանակ հավատարիմ մնալ ամենամարդասիրական մասնագիտությանը՝ բժշկի կոչմանը:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի բնորոշմամբ՝ դասախոսների և ընկերների կողմից սիրված Կիմը հայրենասիրության իրական կերպար էր: Նա ռազմաճակատ մեկնեց հայրենիքի նկատմամբ պարտքի մղումով: «Բոլորս խոնարհվում ենք անմահացած հերոսի հիշատակի և ընտանիքի առաջ»,-նշել է դեկանը:

ԵՊԲՀ-ից նաև հայտնում են՝ բուհի ղեկավարի տեղեկացրել է, որ պատրաստվում է միջնորդել ԵՊԲՀ գիտական խորհրդին հաստատելու կարգ, որպեսզի կլինիկական օրդինատուրա ընդունվելու դեպքում սովորողներն անցնեն ռազմաբժշկական հատուկ կուրս: «Յուրաքանչյուր սովորող, որը ավարտում է բժշկական համալսարանը և բժշկելու իրավունք է ստանում, պետք է պատրաստ լինի թե՛ աղենտների, թե՛ ռազմական գործողությունների ժամանակ իրականացնել իր առջև դրված խնդիրները»,-ընդգծել է ԵՊԲՀ ռեկտորը:

Կիմ Խաչատրյանի հիշտակին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում ամփոփվել են նաև ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից հերոսի պատվին անցկացվող զենքի քանդման և հավաքման, կրակային պատրաստության միջֆակուլտետային մրցույթների արդյունքները, որին մասնակցելու համար դիմել էին մեծ թվով ապագա բժիշկներ: Մասնակիցները ստացել են պատվոգրեր, իսկ հաղթողներն՝ արժանացել մրցանակների:

--00--ԱՀ