Վիճաբանություն՝ Սարյան փողոցում․ պարզաբանումը հանգուցալուծվել է դանակահարությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Մարտի 21-ի երեկոյան տարբեր բուժհաստատություններից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց, որ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են երկու տղամարդ։ Ախտորոշվել էին կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր. նրանց դանակահարել էին։ Բժշկական կենտրոններ մեկնած խմբերն օպերատիվորեն պարզեցին, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։

Շուտով հայտնի դարձավ դեպքի վայրը։ Կենտրոնականի քրեական հետախույզները մեկնեցին Սարյան փողոցի թիվ 35 շենքի բակ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին այստեղ։ Իրականացված հարցումների արդյունքում ոստիկանության ծառայողները տեղեկություններ ձեռք բերեցին, որ մի խումբ անձանց միջև անհիմն վեճ է ծագել։ Պարզաբանումները հանգուցալուծվել են դանակահարությամբ։

Պարզվեցին մասնակիցների ինքնությունը, բնակության վայրերը, յուրաքանչյուրի դերակատարությունը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունների համադրմամբ ու վերլուծությամբ պարզվեց նաև կասկածվողի ինքնությունը։ Նա և մյուսները հայտնաբերվեցին ու մարտի լույս 22-ի գիշերը բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։ Մայրաքաղաքում բնակվող 21-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00—ԼՄ